Ֆարմ Կրեդիտ Արմենիան 15 տարեկան է

Հայաստանում առաջին եւ առայժմ միակ վարկային կոոպերատիվը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվը հոկտեմբերի 20-ին դարձավ 15 տարեկան։ Մեկնարկելով 57 ֆերմերների միավորումից՝ կոոպերատիվն անցել է գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտների զարգացմանն օժանդակելու փայլուն ուղի։

Այսօր ՀԱԱՀ-ի հուսալի գործընկեր Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվն ավելի քան 9700 անդամ-փայատեր, 2,2 միլիարդ դրամ սեփական կապիտալ եւ 15,2 միլիարդ դրամ ակտիվներ ունեցող հզոր կառույց է։ Գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկեր է տրամադրում 9 մարզային գրասենյակների միջոցով։

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի կայացման սկզբնական փուլում անուրանալի է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ համակարգի աջակցության դերը։ Իր բնույթով, արդյունավետությամբ եւ աշխատաոճով եզակի այս կառույցի կայացման գործում անուրանալի է նաեւ կառույցի հիմնադիր գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի ներդրումը։

Հոբելյանի օրը տեղի ունեցավ Ֆարմ Կրեդիտի գլխամասային նոր գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակցեց եւ ողջույնի եւ շնորհավորանքի ջերմ խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Ի դեպ, պարոն Ուռուտյանը եղել է Ֆարմ Կրեդիտ Արմենիայի դիտորդ խորհրդի արտաքին անդամ եւ ծանրակշիռ ներդրում ունեցել կառույցի ֆինանսական կայունության հարցում։

Միանալով ռեկտոր Ուռուտյանին, շնորհավորում ենք Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվին եւ մաղթում, որ նույն տեմպով եւ նույն արդյունավետությամբ շարունակի երկրի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման իր կարեւոր առաքելությունը։ Մեր համալսարանում բարձր են գնահատում այն աջակցությունը, որ Ֆարմ Կրեդիտը ցուցաբերել է վերջին շրջանում մեր լաբորատոր ենթակառույցների ստեղծմանն ու զարգացմանը։