Իր գործի նվիրյալ, մեծ փորձառությամբ, արհեստավարժ, համեստ մեր գործընկերը՝ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արծվի Գրիգորյանը փետրվար ամսից Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգն է: Ինքնամեկուսացման այս օրերին կան օղակներ, որոնք աշխատում են, որ մայրաքաղաքը վայելուչ, հայոց հնամենի ու միշտ նոր ոստանին արժանի փայլ ու շուք ունենա:
«Առաջին քայլը քաղաքի սանիտարական վիճակի բարելավումն էր: Այս տարի խորը հատումներ չենք արել: Ժամանակ է պետք կուտակված խնդիրները շտկելու համար»,-ասում է պարոն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ որոշել են արմատավորել երկարատեւ ծաղկող այգու սկզբունքը, որ Երեւանը փթթի ոչ միայն գարնան կարճ ընթացքում, այլ ավելի տեւական շրջան: Նախատեսում են նաեւ ստեղծել կանաչ ցանկապատեր, պարտիզային ձեւեր, կարմատավորվի նույնիսկ սակուրայի երկու տեսակ:
Արդեն հիմնվել է սեփական ջերմատնային տնտեսություն, որտեղ ավանդական ծառաբուսատեսակների հետ՝ գիհի, բոխի, կաճեցվեն նաեւ բերված, գեղազարդային բույսեր:
Պարոն Գրիգորյանը հույս ունի, որ ինքնամեկուսացման փուլի ավարտից հետո ՀՈԱԿ-ի եւ ՀԱԱՀ ղեկավարները կստորագրեն գործակցության հուշագիր, որը համապատասխան մասնագիտության ուսանողներին հնարավորություն կտա փորձուսուցում անցնել այս շատ կարեւոր կառույցում: Չէ որ բույսերը մասնագետի անդադար խնամք են պահանջում, չէ որ տնկին մարդու տքնանքով է ծառ դառնում։
Հավելենք, որ Արծվի Գրիգորյանի երաշխավորմամբ Ագրոնոմիական ֆակուլտետի մի քանի շրջանավարտ արդեն աշխատանքի է անցել ՀՈԱԿ-ում, իսկ Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն ու վերոհիշյալ ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանը ներգրավվել են որպես փորձագետներ: