Էրազմուս+-ը ԵՄ կրթական կարեւորագույն հարթակներից է, որն արդեն շոշափելի արդյունքներ է գրանցել Հայաստանում, բարձրագույն կրթության ոլորտում: Իսկ այդ դրական համապատկերից լավագույնս առանձնանում է Ագրարային համալսարանը՝ միջազգային համագործակցության լայն աշխարհագրությամբ, տեսանելի փոփոխություններով, առաջընթացով, ժամանակի հետ համընթաց լինելու կարողությամբ:
Հիմա արդեն միջազգային համագործակցության ուշադրության ծիրում են ՄԿՈՒ հաստատությունները՝ քոլեջները: Եւ որպեսզի այս կրթօջախները հստակ պատկերացնեն, թե ինչ հնարավորություններ են բացվում՝ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան իրազեկման հանդիպման էր հրավիրել հանրապետության տարբեր մարզերում գործող քոլեջների պատասխանատուներին:
Հանդիպման մեկնարկին արդյունավետ աշխատանք մաղթեց ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Այնուհետեւ տիկին Կառլովան հանգամանորեն ներկայացրեց Էրազմուսի ստեղծման պատմությունը, նվաճումները, ձեռքբերումները: Որպեսզի հայաստանյան քոլեջներն էլ ներառվեն այդ ծրագրերում (սկզբնական շրջանում նախատեսվում են միայն դասախոսների եւ վարչական կազմի վերապատրաստումներ), անհրաժեշտ է, որ բարելավվի թիրախային խմբերի անգլերենի իմացության մակարդակը: Բնականաբար օտար լեզուն համագործակցության անփոխարինելի գործիք է ու նախապայման:
Տիկին Կառլովան քոլեջների համապատասխան ոլորտը համակարգողներին հորդորեց արտերկրի գործընկերների հետ լինել ստեղծագործ, նախաձեռնող, անմիջական, հաճախ՝ համառ, չերկյուղել ու չպարփակվել: Պետք է կարողանան մտքեր, գաղափարներ հղանալ, որոնք համակիրներ կգտնեն «դրսում»:
«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը խոսեց ՏՄԿՈՒ-ում կարիերայի զարգացման հնարավորությունների եւ մարտահրավերների մասին:
Հաջորդ բանախոսը՝ Արեւիկ Օհանյանը, ավելի գործնական խնդիրներ էր լուծում, ուստի մասնակցները խմբերով դիտարկեցին, թե ինչ է պետք իմանալ, որ ՄԿՈՒ հաստատությունները՝ դրամաշնորհներ շահեն:
Այս շատ աշխատանքային հանդիպումն անշուշտ կօգնի երկրի միջին մասնագիտական կրթօջախների պատասխանատուներին՝ նոր հնարավորությունները օգտագործել իրենց հաստատությունների զարգացման, նորացման, զորացման ուղղությամբ: