«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը փոխհատուցում է հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթում հաղթած ուսանողների մագիստրատուրայի վարձավճարը: Օրերս ակնհայտ դարձավ, որ ծրագրին դիմած ՀԱԱՀ-ի 10 ուսանողներից մրցույթի վերջնական փուլն անցել և մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն են ստացել 5-ը՝ Նաիրա Մկրտչյանը, Արամ Բաղդասարյանը, Նարե Գալստյանը, Գուրգեն Կարապետյանը և Աբրահամ Աբրահամյանը:
Ծրագրին մասնակցել են ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրոնոմիական և Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի առկա ուսուցման համակարգի ավարտական կուրսերի գերազանց և բարձր առաջադիմություն ունեցող մարզաբնակ այն ուսանողները, ովքեր պատկանում են որևէ սոցիալական անապահով խմբի (բազմազավակ ընտանիքի երեխա, ազատամարտիկի երեխա, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, սոցիալական աջակցության վարչության «Փարոս» ծրագրի շահառու, վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի անվճար երեխա ունեցող…) և ցանկացել են կրթությունը շարունակել Ագրարային համալսարանի նույն ֆակուլտետների մագիստրատուրայում:
Մրցույթն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում ընտրությունը կատարվել է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, երկրորդ փուլում ընտրված ուսանողները նախ մասնակցել են դասընթացների, ապա ներկայացրել «Ինչպես եմ պատկերացնում իմ համայնքի զարգացումը» խորագրով նախագծեր: Ծրագրի մրցութային հանձնաժողովը քննարկել է ներկայացված նախագծերը և ընտրել հաղթողներին, որոնցից 5-ը մեր ուսանողներն են: