«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» (հակիրճ՝ «Ագրոբոտ կենտրոն”) դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրերս Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանատում հանդիպում տեղի ունեցավ EngineerX բազմամասնագիտական ինժեներական ընկերության վաճառքների մասնագետ Գայանե Մկրտչյանի եւ մեխանիկական ճարտարագետ Էրիկ Քասաբյանի հետ։ ՀԱԱՀ-ից մասնակցում էին ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Արթուր Ալթունյանը եւ «Ագրոբոտի կենտրոնի ստեղծում» ծրագրի ղեկավար տ․գ․դ․, պրոֆեսոր Արա Ամիրյանը։
Որպես քննարկման արդյունք, EngineerX-ի ներկայացուցիչները առաջարկեցին ՀԱԱՀ 4 մասնագետների համար կազմակերպել SolidWorks EDU ծրագրակազմի անվճար վերապատրաստման 5-6 հանդիպում, որը բավարար կլինի ՀԱԱՀ-ի հետ հետագա արդյունավետ համագործակցություն ծավալելու համար։ Բացի այդ, ընկերությունը պատրաստ է տրամադրել 30 ստացիոնար եւ 30 առցանց լիցենզիաների փաթեթ, կախված լիցենզիայի ժամկետի ընտրությունից` 15 % զեղչով 1 տարվա եւ 25 % զեղչով՝ 3 տարվա լիցենզիայի դեպքում:
Հյուրերը գոհունակությամբ տեղեկացան ՀԱԱՀ-ում ներդրված «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի մասին, եղան նաեւ Գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի կենտրոնում, որը կահավորման փուլում է։ Հենց այստեղ էլ տեղադրվեն ծրագրակազմերը եւ կանցկացվի SolidWorks EDU-ի ուսուցման դասընթացը։
Անդրադառնալով ճարտարագիտական մասնագիտություններում գենդերային խմդիրներին, EngineerX-ի մեր գործընկերները հատուկ նշեցին, որ կանանց շրջանում ռոբոտաշինության ուսուցման առավելությունները բազմակողմանի են եւ ազդում են անհատների, ոլորտների եւ ընդհանուր առմամբ հասարակության վրա: Օրինակ, ռոբոտաշինություն ուսումնասիրող կանայք կարող են նպաստել գլոբալ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են աղետների ժամանակ օգնությունը, հարակայուն գյուղատնտեսությունը եւ բժշկական օգնությունը ռոբոտաշինության միջոցով կամ ավելի հավանական է, որ կին ռոբոտիստները տեխնոլոգիա նախագծելիս հաշվի առնեն կանանց եւ թերներկայացված խմբերի կարիքները, որը հանգեցնում է ավելի արդար արդյունքների:
EngineerX-ը բազմամասնագիտական ճարտարագիտական ընկերություն է, որը տրամադրում է դիզայն, ճարտարագիտական, խորհրդատվական եւ նախագծերի կառավարման ծառայություններ ամբողջ աշխարհի ընկերություններին: Ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ տրամադրելով ուսուցում, հավաքագրելով տաղանդներ, մատուցելով բացառիկ ծառայություններ եւ ներդնելով SOLIDWORKS ու 3DEXPERIENCE գործիքներ, որոնց հավաստագրված գործընկերն է մեր երկրում։