Այսօր՝ մարտի 2-ին, հյուրընկալել էինք Երեւանի թիվ 182 ավագ դպրոցի սաներին, որոնք, իրենց բնորոշմամբ, եկել էին Ագրարային՝ գիտելիք «ձեռք բերելու»:
«Գյուղատնտեսության ինտենսիվացման սկզբունքները կապված սելեկցիոն գործընթացների հետ» թեմայով պատանիների հետ մատչելի լեզվով, շատ հետաքրքիր զրուցեցին Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանն ու նույն ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը:
Երկիր մոլորակն այլեւս անկարող է կերակրել 7 միլիարդ բնակչությանը, որի մեկ երրորդ մասը աղքատության շեմից անդին է գտնվում եւ քաղցում է: Սա նշանակում է, որ ագրոնոմները, գենետիկոսները, ընտրասերողները պետք է կարողանան գտնել ինտենսիվ մեթոդներ, ստեղծեն նոր՝ բարձրպտղատու սորտեր, բավարարելու համար հարաճուն պահանջները:
Մեր գործընկերները մանրամասն պատմեցին հիդրոպոնիկ մեթոդի մասին, որի արդյունքները պատանիները տեսան ջերմատանը: Աշակերտների թիվը մեծ չէր, բայց նկատելի էր, որ եկել էին իրապես հետաքրքրված, երկրագործության դերն ու կարեւորությունը շատ լավ գիտակցողներ: Իսկ բանախոսներին ուղղված հարցերն էլ խիստ պրագմատիկ էին: Հենց սա էլ լավատեսության հիմք է տալիս, որ գիտակ, ուշիմ, պատվախնդիր համալրում կունենանք: Շուտով: