«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել Ագրարային համալսարանի մասին՝ ««Անհավանական փոխակերպումներ» Ագրարայինում» վերնագրով հոդվածում։ Այս անգամ «հայտնագործությունն» այն է, որ «․․․փաստորեն մի դոնորի կողմից ֆինանսավորված Փափուկ հմտությունների կենտրոնը 7 ամսում վերափոխվել է մեկ այլ դոնորի կողմից ֆինանսավորված Գիտելիքի նորարարական հաբի»։
Մենք վաղուց չենք զարմանում Ագրարային համալսարանում տեղի ունեցող գրեթե ամեն ինչին «Հրապարակի» օպերատիվ բացասական արձագանքներից։
Այս եւ բազմաթիվ այլ կենտրոնների ցուցանակներն առկա են, եւ դրանց վրա կան աջակից գործընկեր կազմակերպությունների անվանումները եւ նրանց ուղղված երախտագիտության խոսքեր։
Դեղին մամուլի սույն կարկառուն (այս բառի տարբեր իմաստներով) պատվիրակ լրատվամիջոցը հայտնի է մութ սենյակում սեւ կատու փնտրելու իր տաղտկալի գործելակերպով։ Ուսանողների համար ստեղծված գեղեցիկ միջավայրով ուրախանալու փոխարեն, սրանք շարունակում են անճաշակ, տրամաբանությանը հրաժեշտ տված, անգրագետ պատվիրատուի քմահաճույքները կատարել։
Ինչպես երեւում է, վերջնականապես կորցրել են լավին, առաջադեմին, գեղեցիկին համարժեքորեն արձագանքելու մարդկային ու մասնագիտական կարողունակությունը։