Դասական կաթնամթերք եւ պանիրներ. հումքից մինչեւ պատրաստի արտադրանք

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում կայացավ «Դասական կաթնամթերք եւ պանրագործություն» դասընթացը։

Հնգօրյա դասընթացի տեսական մասը վարում էին Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Ալիսա Գրիգորյանը, Մերի Բաղդասարյանը, Նառա Չատինյանը եւ Անահիտ Սարոյանը, գործնական պարապմունքները՝ «Բալահովիտ» ՈւՓՏ գլխավոր տեխնոլոգ Արտյոմ Երանոսյանը։

Դասընթացի մասնակիցները սովորեցին պատրաստել պանիր, թթվասեր եւ կաթնաշոռ, ընտրել արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում, իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում, կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն, պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի, կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը, կատարել կաթի զգայորոշում, նմուշառում եւ հիգիենիկ միջոցառումներ։

Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց սեփական ձեռքերով պատրաստած կաթնամթերքի համտես եւ քննարկում-խորհրդատվություն Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանի, դասախոս Ալիսա Գրիգորյանի եւ գլխավոր տեխնոլոգ Արտյոմ Երանոսյանի հետ։

Ագրարային համալսարանն այս դասընթացը կազմակերպում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում։ Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արեւելյան գործընկերության եւ Արեւմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: