Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) կոնսորցիումի՝ սեպտեմբերին մեկնարկած տնտեսագիտության եւ մենեջմենթի հեռավար դասընթացի հերթական շաբաթը հյուրընկալում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Յուրաքանչյուր շաբաթ 15 համալսարանների ուսանողներ՝ յուրաքանչյուր համալսարանից 10-30-ը, մասնակցում են որեւիցե առարկայի դասերին, որոնք ռուսերեն լեզվով վարում են կոնսորցիումի անդամ համալսարանների դասախոսները (հաջորդ փուլում դասընթացի լեզուն կլինի անգլերենը):
Դասընթացը ներառում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, տարբեր ձևաչափով քննարկումներ, անհատական աշխատանքների ներկայացում և ատեստավորում, որը կարող է անցկացվել հարցման, թեստավորման, քննության կամ այլ տարբերակով: Դասընթացների բոլոր առարկաները հանձնած ուսանողները կստանան համապատասխան հավաստագրեր առարկաների ժամաքանակի և ստացած կրեդիտների վերաբերյալ, որոնք կարող են ներառվել շրջանավարտների դիպլոմների միջուկներում:
Մինչ դասընթացի մեկնարկը, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Zoom հարթակում տեղի ունեցավ կոնսորցիումի անդամ համալսարանների պատասխանատուների հանդիպում, որը «Երեւանից» վարում էր CASCADE գործադիր քարտուղար, Տաշքենտի ոռոգման եւ գյուղատնտեսական մեքենայացման ճարտարագետների ինստիտուտի ռեկտոր դոկտ. Ալիմ Պուլատովը:
ՀԱԱՀ-ից մասնակցում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, ՀԱԱՀ-ի Տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Անահիտ Գալանտերյանը, որն էլ հենց անցկացնում է այս շաբաթվա դասընթացը՝ գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման թեմայով, ինչպես նաեւ նույն ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Սուրեն Կոսեմյանը, տնտեսագիտության թեկնածու, պրոֆ. Գոհար Վարդանյանը:
Դասընթացը եւ առհասարակ CASCADE կոնսորցիումի շրջանակում թափ առնող համագործակցությունը ըստ արժանվույն գնահատելով, դոկտ. Պուլատովը նշեց, որ համավարակով պայմանավորված անսովոր իրավիճակը նաեւ որոշակի հնարավորություններ է ստեղծել թվային տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում: «Թվային տեխնոլոգիաներն արդեն ամեն տեղ են, դրանցից «փախչել» չենք կարող, ուստի կարեւոր է, թե մենք կոնսորցիումի շրջանակում ինչ արդյունավետ ձեռնարկումներ կունենանք: Մեր դպրոցը հենց մեր համատեղ փորձի հիման վրա կոչված է ստեղծել նոր արժեքներ, ներառյալ՝ թվային տնտեսության զարգացման բնագավառում», – նշեց դոկտ. Պուլատովը:
Պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, ողջունելով բոլոր մասնակից ուսանողներին եւ համալսարանների ներկայացուցիչներին, նշեց, որ կոնսորցիումի ձեռնարկած դասընթացներն իրենց նշանակությամբ դուրս են գալիս Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանների սահմաններից եւ ձեռք բերում միջազգային կարեւորություն: Համառոտ տեղեկություն տալով ՀԱԱՀ-ի, նրա ստորաբաժանումների, համալսարանում ընթացող բարեփոխումների մասին, պրոֆ. Ղազարյանը մասնավորապես անդրադարձավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին, Ագրարային Մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրին, միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ունեցած ձեռքբերումներին: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գործունեության մասին իր խոսքում պարոն Ղազարյանը անդրադարձավ համալսարանի աճող հեղինակության հարցում ֆակուլտետի դերակատարությանը:
Գործընկերների արձագանքներից եւ պրոֆ. Ղազարյանին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ կոնսորցիումի անդամ համալսարաններում ՀԱԱՀ-ի նկատմամբ աճող հետաքրքրությունը առաջիկայում կոնկրետ գործակցային համատեղ բազմաոլորտ ծրագրերի ու նախագծերի վերածվելու հնարավորություն ունի: ՀԱԱՀ-ի ընձեռած միջազգային մակարդակի կրթահետազոտական հնարավորությունների վրա դոկտ. Պուլատովը հրավիրեց նաեւ մասնակից ուսանողների ուշադրությունը:
Տ․ Ջումալիեւը, Ռ. Խակիմովը, Ժ. Երժանովան, Մ. Կենժեբաեւան եւ Մ. Նասիրովը իրենց համալսարանների եւ ուսանողների անունից հայտնեցին ՏՏ թեմաներով դասընթացով հետաքրքրվածության, այս առումով ուսանողների ոգեւորվածության, ՀԱԱՀ-ի նման հեղինակավոր համալսարանի հետ գործակցելու հնարավորության, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման նպատակով թվային զարգացման ուղղությունը համատեղ զարգացնելու պատրաստակամության մասին:
Եղան համավարակի հաղթահարումից հետո առկա հանդիպումների փոխադարձ հրավերներ, մասնավորապես՝ պրոֆ. Ղազարյանի կողմից գալ՝ ՀԱԱՀ եւ դոկտ. Մուխտոր Նասիրովի կողմից՝ Սամարկանդի պետական համալսարան, որի հիմնադրման 600-ամյակը լրացավ այս տարի:
Տիկին Գալանտերյանն իր առաջին դասը սկսեց 15 համալսարանների 16 խումբ ուսանողների հետ: