Այսօր՝ ապրիլի 9-ին, փափուկ հմտությունների սրահում Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հյուրընկալել էինք Պորտուգալիայի Բեժայի համալսարանից Անաբելա Ամարալին:
Մեր հյուրը հրաշալի ձեւավորված եւ հարուստ բովանդակությամբ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ պատմեց Պորտուգալիայում գինեգործության ավանդույթների մասին՝ Հռոմեական կայսրության շրջանից սկսած մինչեւ մեր օրերը:
Աշխարհագրական դիրքի, ռելիեֆի շնորհիվ երկիրը, որ օվկիանոսի անմիջական հարեւանությամբ ձգվում է հյուսիսից հարավ, իբրեւ դրա ուղիղ հետեւանք՝ կլիմայական բավականին էական տարբերությունների շնորհիվ, արտադրում է իրարից խիստ տարբերվող գինիներ: Խմիչքներ, որոնք այսօր ունեն հստակ ուրվագծվող շուկա, անշփոթելի գույն, համ, թնդություն, նկարագիր:
Միջին դարերում, ծովային բոլոր ճանապարհորդությունների ընթացքում պորտուգալական նավերը գինու մեծ պաշարներ էին ունենում ու նաեւ դա էր պատճառը, որ ճանաչելի դարձան աշխարհում: 17-րդ դարից կանոնավորապես արտահանում են խմիչքը հարեւան երկրներ, մասնավորապես՝ Անգլիա: 19-րդ դարում Պորտուգալիան էլ չխուսափեց ֆիլոքսերա վարակի ծանր հետեւանքներից:
Ներկայացվող երկրի գինիները աշխարհում լավագույն տասնյակի մաս են կազմում: Մեկ շնչին ընկնող սպառման ծավալներով Պորտուգալիան առաջին հորիզոնականում է:
Դե, գինու մասին ի՞նչ խոսակցություն առանց համտեսի: Ներկաները ուշադիր զննեցին մատուցված երեք գինու գույները, բույրերը առան, համտեսեցին եւ ընկան խոհափիլիսոփայական մտորումների մեջ: Գինին այդպես է…