Ագրարային համալսարանի բոլոր ֆակուլտետներից 30 դասախոսներ եւ ուսանողներ այսօր՝ մայիսի 7-ին մասնակցեցին համապետական ծառատունկին՝ միանալով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությանը։ Ծառատունկի աշխատանքները ղեկավարում, միաժամանակ ջանադիր աշխատանքի օրինակ էր ցույց տալիս Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։
Բյուրականի հարակից լանջերին մերոնք 5 հեկտար տարածության վրա հացենիներ տնկեցին՝ հերթական ներդրումն ունենալով անտառվերականգնման պետական ծրագրում։ Ի դեպ, ծառատունկի նախորդ փորձը ցույց է տալիս, որ 70-80 տոկոս կպչողականություն է ապահովվում։ Անհրաժեշտություն կա զուգահեռաբար համայնքներում խթանել անտառի նկատմամբ հոգածու վերաբերմունքը։
Ծառատունկը այն նվազագույն գործառնությունն է Հայաստանի ամենամեծ էկոհամակարգի՝ անտառի վերականգնման, ընդլայնման, պաշտպանության եւ պահպանության՝ կենսականորեն կարեւոր գերնպատակի իրականացման գործում։
Ագրարային համալսարանն այս ուղղությամբ արդյունավետ համագործակցություն է սկսել ՇՄ նախարարության անտառային կոմիտեի եւ մասնավոր հատվածի շահակիցների հետ՝ ներդնելով իր փորձագիտական, կրթահետազոտական եւ կադրային ռեսուրսները։
Ընդհանուր առմամբ այսօր երկրում (Սյունիքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում) տնկվել է 45-50 հազար ծառ։