Բնության հետ ներդաշնակ․ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների այսօրն ու վաղը

Դեկտեմբերի 13-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հերթական առցանց միջազգային աշխատաժողովում ներկայացվեցին եւ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների վերաբերյալ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Շվեդիայում անցկացված հետազոտության ադյունքները։ Հայաստանում հետազոտության համար պատասխանատու էր Ագրարային համալսարանի թիմը։ Աշխատաժողովին մասնակցում էր Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։

Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի աջակցությամբ եւ ղեկավարությամբ իրականացվող «Անցումային գործընկերություն՝ Եվրոպայում ակադեմիական ինտեգրման ուղղությամբ․ Քաղաքային կապույտ-կանաչ ենթակառույցը Եվրոպայի արեւելքում եւ արեւմուտքում (LINC)» նախագծի շրջանակում նշված 4 երկրներում կատարվել է ընտրանքային եւ բավականին ներկայացուցչական հետազոտություն։ Համացանցային, ինչպես նաեւ 4 երկրների 8 քաղաքներում անցկացված հարցումները վերաբերում էին քաղաքային կանաչ տարածքների՝ մարդկանց ընկալմանը, նախընտրություններին, դրանց օգտագործման ինտենսիվությանը, դրանցում առկա խնդիրներին, բնության հետ կապվածությանը եւ հարցվողների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերին։ Նպատակն էր բացահայտել եւ վերլուծել այն գործոնները, որոնք ձեւավորում են քաղաքային կանաչ տարածքների հետ փոխգործողությունները Եվրոպայի արեւելքում եւ արեւմուտքում։

Հետաքրքիր շատ արդյունքներ են գրանցվել, որոնք քննարկվեցին աշխատաժողովի ժամանակ, եւ ըստ այդմ ձեւակերպվեցին ներառական պլանավորմանը, կանաչ տարածքների առկայությանն ու որակին եւ բնության հետ կապվածությանն առնչվող անելիքները։

Այժմ առկա է բավականին համապարփակ, բազմակի գործոնների հաշվառմամբ ստեղծված փաստաթղթեր, որոնք կանաչ տարածքներ նախագծողները եւ քաղաքային իշխանությունները կարող են եւ պետք է հաշվի առնեն հետագա աշխատանքները պլանավորելիս։ Այս մասին խոսեց նախագծի ղեկավար, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանից դոկտ․ Մարինե Էլբակիձեն։ Նա բարձր գնահատեց բոլոր երկրներում իրականացված մեծ ծավալի աշխատանքները քաղաքային կապույտ-կանաչ ենթակառույցի՝ որպես ամպհովանի հայեցակարգի տեսանկյունից։ Դոկտ․ Էլբակիձեն խոսեց ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ կրթության միջազգայնացման միջոցով։

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը, շեշտելով նախագծի կարեւորությունը չորս երկրների համար, նկատեց, որ տարբերություններով հանդերձ, բոլոր երկրներում հետապնդվում է միեւնույն նպատակը՝ յուրաքանչյուր գործունեություն եւ գործողություն, որ առնչվում է մայր բնությանը, նախ եւ առաջ պետք է հաշվի առնի նրա հետ ներդաշնակ գոյակցությունը։ Նա ջերմ շնորհակալություն հայտնեց դոկտ․ Էլբակիձեին, բոլոր երկրների գործընկերներին եւ հատկապես հայկական թիմին՝ մասնագետներին, ուսանող-կամավորներին, այլ շահակիցների՝ կատարած մեծ ծավալի ու որակյալ աշխատանքի համար։

Ուկրաինայից, Վրաստանից եւ Շվեդիայից առցանց միացած ծրագրերի պատասխանատուները խոսեցին այդ երկրներում իրականացված աշխատանքների մասին։ Հայաստանյան հետազոտությունը, փորձն ու եզրակացությունները ներկայացրեց ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Զարուհի Հովեյանը։ Հետաքրքիր էր նաեւ «Երեւանի քաղաքային կանաչ տարածքների՝ մարդկանց նախասիրությունների աշխարհատարածական  վերլուծությունը» վերտառությամբ զեկույցը, որով հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Գորիկ Ավետիսյանը։