Այսօր մեծ դահլիճում Հեռակա դեպարտամենտ ընդունված առաջինկուրսեցիներին ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ֆակուլտետների դեկանները, դասախոսները։
«Դուք կարեւոր որոշում եք կայացրել՝ ընդունվելով Ագրարային համալսարան։ Ձեր՝ որպես ագրարային ոլորտի ապագա մասնագետների, կայացման համար այստեղ ստեղծված են բոլոր նախապայմանները։ Համալսարանում դուք ոչ միայն սովորելու, արդիական մասնագիտական կրթություն ստանալու, այլեւ ձեր համարձակ գաղափարներն իրականություն դարձնելու լավագույն հնարավորություններ կունենաք։ Այսօր մեր հայրենիքը բազում մարտահրավերների առջեւ է կանգնած, որոնք մենք միասին պետք է հաղթահարենք՝ որպես Ագրարային համալսարանի մեծ ընտանիք եւ ագրարային ոլորտի առաջատարներ»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, շնորհավորելով հեռակայի նորեկների խորհրդանշական «սեպտեմբերմեկը», խոսեց աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտությունների, բարձր վարձատրվող աշխատատեղերի, աշխատանքի տեղավորման հարցում համալսարանի ունեցած լայն հնարավորությունների ու գործընկերային կապերի լայն ցանցի մասին։
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի ղեկավար Լիանա Վարդանյանը հակիրճ ներկայացում արեց համալսարանի կրթական ծրագրերի, ուսումնահետազոտական լաբորատորիաների, արտերկրում ուսումնառության հնարավորությունների, աշխատաշուկայի դերակատարների հետ գործուն կապերի մասին։
Հանդիպման ավարտին դեկանների ուղեկցությամբ համապատասխան ֆակուլտետներ ընդունված առաջինկուրսեցիներն առանձին հանդիպումներ ունեցան եւ ավելի մանրամասն տեղեկություններ ստացան իրենց հետաքրքրող բոլոր ուսումնակազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Բարի գալուստ Ագրարային համալսարան եւ բարի երթ մասնագիտական կյանքում։