Այսօր՝ մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքում բացվեց Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը՝ Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայով։ Լաբորատորիան ստեղծվել եւ կահավորվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Այն EU-GAIA-ի հետ Ագրարային համալսարանի արդյունավետ գործակցության հերթական ուղենշային հանգրվանն է։ Լաբորատորիայի կահավարմանն աջակցել է նաեւ Ֆարմ կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը։
Ագրադրոնների լաբորատորիան ծառայելու է համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին՝ ուսումնահետազոտական նպատակներով, ֆերմերներին եւ գործող մասնագետներին՝ արտադրական ու վերապատրաստման նպատակներով, ինչպես նաեւ ոլորտի տարբեր շահակիցների՝ խորհրդատվական ծառայությունների տեսքով։
Ներկաներին ջերմորեն ողջունեցին եւ կենտրոնի ու լաբորատորիայի բացման առթիվ շնորհավորեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, Ֆարմ կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Եվրոպական Միությունն ուրախ է, որ հայաստանցի ֆերմերները եւ Ագրարային համալսարանի ուսանողներն այժմ հնարավորություն ունեն սովորելու այս տեխնոլոգիաները եւ դրանք օգտագործելու կրթական ու արտադրական նպատակներով։ Նորարարությունը գյուղի հարակայուն զարգացման բանալին է․ նորարարության միջոցով ԵՄ-ն եւ Հայաստանը կարող են ապահովել ագրոպարենային ոլորտի մրցունակությունը եւ գյուղական վայրերում ստեղծել ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղեր՝ միեւնույն ժամանակ մոլորակը պահպանելով ապագա սերունդների համար։ Եկեք շարունակենք մեր համագործակցությունը եւ միասին Հայաստանի գյուղատնտեսությունը համապատասխանեցնենք ապագայի պահանջներին»։
Փոխնախարարներ Թռչունյանը եւ Խոջոյանը բարձր գնահատեցին նորաստեղծ լաբորատորիայի դերը Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու, ագրոտեխնոլոգիական կրթության, գիտության եւ արտադրության խնդիրների լուծման տեսակետից։ Նրանք նշեցին Ագրարային համալսարանում ընթացող բարեփոխումների, գյուղոլորտում առկա մարտահրավերների արագ հաղթահարում նախանշող գործիքակազմի համալրման ու նոր ենթակառույցների ստեղծման գոհացուցիչ տեմպն ու արդյունավետությունը։
Այս ամենն իրականություն դարձնելու համար պարոն Խոջոյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին եւ համալսարանի ամբողջ աշխատակազմին եւ համալսարանի ու ՀՀ կառավարության հուսալի ու մշտական գործընկերներին՝ ԵՄ-ին եւ Ավստրիական զարգացման գործակալությանը՝ Հայաստանում իրականացվող կարեւոր եւ արդյունավետ ծրագրերի համար։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախեւառաջ շնորհավորեց լաբորատորիայի անմիջական շահառուներին՝ ուսանողներին։ Դիմելով Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներին, ռեկտորն ասաց․ «Հենց դուք եք լինելու ճշգրիտ, թվային գյուղատնտեսության, այս ոլորտի շահութաբերության եւ արտադրողականության բարձրացման առաջամարտիկները, քանզի դուք զինվելու եք նոր գիտելիքներով ու հմտություններով, որոնք մեր գյուղատնտեսությունը որակական նոր մակարդակի են հասցնելու։ Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի, եւ միայն նորագույն գիտելիքներով ու նորարարական տեխնոլոգիաներով հնարավոր կլինի ոլորտում ապահովել թռիչքային զարգացում», – ասաց պարոն Ուռուտյանը։
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին, «Կանաչ գյուղատնտեսություն Հայաստանում» նախագծին եւ Ֆարմ կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ-ին, առանց որոնց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության լաբորատորիան իրականություն չէր դառնա։
Նորաստեղծ լաբորատորիան հագեցած է տարբեր գործառույթներ իրականացնող գյուղատնտեսական 4 անօդաչու թռչող սարքերով, երկրատեղեկատվական համակարգերով եւ հեռահար զոնդավորման սարքերով, համապատասխան ծրագրակազմերով։ Ագրոդրոնները ֆերմերային տնտեսություններին եւ ագրոձեռնարկատերերին մեծապես կօգնեն, մասնավորապես, ստուգել ցանքատարածությունների վիճակը եւ ճշգրիտ հաշվարկված կարիքից ելնելով՝ իրականացնել պարարտացման եւ բույսերի պաշտպանության գործողություններ, ներառյալ՝ այլ տեխնիկայի համար անմատչելի տարածքներում։
Գյուղատնտեսության զարգացման 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը, համապատասխան կրթական ծրագիրը եւ լաբորատորիան կոչված են իրականացնելու «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի եւ Ագրարային համալսարանի դավանած կարեւոր սկզբունքը՝ արտադրել ավելի մեծ ծավալի եւ ավելի բարձրորակ մթերքներ՝ առանց վնասելու բնությունը։
Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը եւ լաբորատորիան վճռական նշանակություն կունենան Ագրարային համալսարանում արդեն իրականացվող Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի շահառուներին գործնական հմտություններով զինելու առումով։ Ի դեպ, հաջորդ ուսումնական տարում համալսարանում կմեկնարկի նաեւ համապատասխան բակալավրիական կրթական ծրագիրը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը մասնակցեց նաեւ Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացմանը, ինչպես նաեւ ծանոթացավ համալսարանի մի քանի այլ նորարարական ենթակառույցների։