Այսօր՝ մարտի 11-ին, այս խոսքերով ամփոփեց իր տպավորությունները հանձնաժողովի նախագահը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գեւորգ Մանուկյանը:
Ավարտական աշխատանքներն էին պաշտպանում հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության հեռակա համակարգի 6-րդ կուրսեցիները: Թեմաները լայն ընդգրկում ունեին՝ աշխարհատեղեկատվական համակարգերի կիրառման հնարավորություններից մինչեւ հողային կոոպերատիվների ստեղծման հեռանկարներ, մինչեւ կադաստրային գնահատում, հողերի հաշվառում: Երիտասարդները աշխատանքները կատարել էին ըստ պատշաճի, մատուցումը սահիկների ցուցադրությամբ էր ուղեկցվում՝ քարտեզների, աղյուսակների, դիագրամների առատ կիրառությամբ:
Ցավոք, ոչ բոլորը, բայց շատերը թեզը ներկայացնում էին բանավոր, ոմանք անգամ՝ անկաշկանդ: Հատկապես տպավորիչ էին այն ուսանողների մատուցումները, որոնց աշխատանքի բնույթը մոտ է մասնագիտությանը:
-Որպես հեռակա ուսուցման համակարգի սովորողներ, վատ չէր ընդհանուր պատկերը: Կարելի է ասել՝ լավ էր: Կա մասնագիտական տեսական գիտելիքի ու կիրառական հմտությունների հենք, որը թույլ կտա կայանալ ընտրած ոլորտում,-լավատես էր հանձնաժողովի նախագահը:
Շեշտենք, որ այս մասնագիտացման ուսանողները ավանդաբար բարձր արդյունք են ունենում, եւ ավարտաճառերը միշտ էլ առանձնանում են որակով, գիտական հենքով-հիմքով, որոնք նախապայման են, որ շրջանավարտները վստահ քայլեն ընտրած ասպարեզում: