Ավարտաճառերի պաշտպանություն. Հանրային առողջության ռազմավարական ոլորտի ասպետները

Չենք ձանձրանում կրկնել, որ սննդամթերքի անվտանգությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է, որի մասնագետները կրթվում-կոփվում են հենց Ագրարայինում:

Այսօր՝ մայիսի 29-ին, բակալավրական հիշյալ ծրագրի ուսանողներն էին պաշտպանում ավարտաճառերը: Ֆակուլտետի դեկան, տ.գ.դ Սմբատ Դավեյանը հաջողություն մաղթեց սաներին. «4-5 ամիս է դասախոսների աչալուրջ հսկողությամբ մեծ աշխատանք եք կատարել, հորդորում եմ անկաշկանդ, առանց հույզերի ներկայացնեք»:

Հանձնաժողովի նախագահ՝ «Բեկոն պրոդուկտ» ընկերության որակի բաժնի պետ, ա.գ.թ., մեր բուհի լավագույն շրջանավարտներից Վահե Ղազարյանն էլ երիտասարդներին խորհուրդ տվեց հակիրճ, ըստ էության, առանց երկար-բարակ ներածության ներկայացնել աշխատանքները: Հենց այդպես էլ արեցին:

Թեմաների ընդգրկումը մեծ էր՝ ալկոհոլային ըմպելիքներ, գինիներ, սառը ապխտած մսամթերք, կիսապատրաստվածքներ, պաշտետներ, կաթնամթերք: Այս արտադրատեսակների որակը պետք է դիտարկվեր ստանդարտացման իրավական, նորմատիվ, Մաքսային միթության փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգերի տիրույթում: Արտադրության ողջ ընթացքը պետ է վերահսկեին կեղծումներից զերծ մնալու նպատակով, քննեին հումք մատակարարողների բարեխիղճ, վստահելի լինելու հանգամանքը:

Հաանձնաժողովի նախագահն ու անդամները բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողանում էին «մաքսիմալ կորզել» երիտասարդների մասնագիտական ամբողջ «ներուժը»: Թեեւ, կորզելու կարիք էլ չէր լինում նրանք մեծմասամբ բանավոր, ազատ կարողանում էին ներկայացնել աշխատանքները: Նախագահը շատ հարցեր տալուց հետո նկատում էր. «Երբ փորձուսուցման էիք եկել«Բեկոն պրոդուկտ» այս ամենը ձեզ մանրակրկիտ ներկայացրել ենք»: Իսկ արդյունավետ փորձուսուցումն անհետեւանք չի կարող լինել: Հայտնի բան է:

-Ընդհանուր առմամբ պատկերը գոհացնող է, լավ են պատրաստաված, արդյունավետ աշխատանք է կատարվել: Հարցերիս նպատակն էր նաեւ ստուգել ուսանողների տրամաբանությունը, որը հիմնված կլիներ բուհում ստացած կայուն գիտելիքի վրա: Գոհ եմ,-ամփոփց պարոն Ղազարյանը:

Այս կուրսի լավագույն շրջանավարտներին, հուսով-համոզված ենք, աշնանը կտեսնենք մագիստրանտների փաղանգում, իսկ փորձուսուցումից հետո ոմանք արդեն աշխատանքի առաջարկություն ունեն: