Այսօր՝ մարտի 12-ին, ավարտական աշխատանքներ էին պաշտպանում Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ կրթական ծրագրով, շինարարություն մասնագիտացմամբ հեռակա համակարգի վեցերորդկուրսեցիները:
Դիմելով օրվա«մեղավորներին» հանձնաժողովի նախագահը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական հարցերի ազգային համակարգող, կ. գ. թ. Վահան Ամիրխանյանը նկատեց.
-Մեր գյուղատնտեսական միտքը Ագրարայինում է կերտվում: Համոզված եմ, որ բավականաչափ գիտելիք եք ձեռք բերել այս կարեւոր ոլորտում: Չէ որ պարենային անվտանգությունը սկսվում է հողային եւ ջրային պաշարների արդյունավետ կառավարումից:
Որքան էլ խուսափենք կրկնություններից, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ թեմաները արդիական էին, կիրառական բնույթի նախագծեր, որոնք կարելի է կյանքի կոչել:
Ավարտին՝ հանձնաժողովի նախագահ Վահան Ամիրխանյանը մի քիչ ափսոսանքով նկատեց.
-Մեղմ ասած՝ թույլ են, բայց ունենք այն՝ ինչ ունենք:
Ե՜ւ դեկան Արման Սիմոնյանը, ե՜ւ ամբիոնի վարիչը՝ Գուրգեն Եղիազարյանը, համակարծիք էին՝ ղեկավարները շատ անելիքներ ունեն: Ավարտաճառեր գրող երիտասարդների հետ պետք է կանոնավոր ու հանգամանորեն աշխատել, սովորեցնել-ցույց տալ ծագած հարցերի պատասխանները գտնելու ուղիները, սերմանել մասնագիտական անափ գրականությունից գրագետ օգտվելու հմտություններ:
Ավարտական այս կուրսում կային պայմանագրային զինծառայողներ, որոնց համար բավական դժվար է համատեղել բարդ աշխատանքն ու կրթությունը, բայց նրանք պատվով կատարեցին իրենց գործը: Թերեւս, հիմա նրանց եւ բոլորիս խաղաղություն է պետք, իսկ մնացած հարցերը լուծելի են: