Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի պատիվ 1869թ.-ին այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-ամյակը։ Յուրաքանչյուր գիրք, առավել ևս լավը, մի քիչ ավելի լուսավոր է դարձնում աշխարհն ու կյանքը, և Թումանյանն իր բազմաթիվ հրաշք ստեղծագործություններով դրա վառ ապացույցն է:
Արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել ՀԱԱՀ գիտական գրադարանը՝ վարիչ Հասմիկ Ադամյանի գլխավորությամբ: Հյուրերի թվում էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծփնեցյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ողջույնի խոսքում տիկին Ադամյանն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մեջբերումներ արեց դասականներից, շեշտեց ցանկացած տարիքում գիրք կարդալու անհրաժեշտությունը, ինչպես նաև հորդորեց ուսանողներին գնահատել ժամանակը և արդյունավետ օգտագործել այն:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ շնորհավորեց տոնի և Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ադամյանին՝ ուսանողներին ուղղված խրատական և ուսուցանող խոսքերի համար, որը կարևոր է կյանքի որակը բարելավելու համար: Պարոն Ուռուտյանը նաև լավ օրինակ ծառայեց ներկաների համար՝ պատմելով, որ ընտանիքում՝ իր երեխաների հետ թումանյանական ընթերցումներ են կազմակերպվում:
Ռեկտոր Ուռուտյանը, պրոռեկտոր Ծպնեցյանը, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի նորանշանակ պաշտոնակատար Համո Սուքիասյանը և ներկաներից շատերը գրքեր նվիրեցին գրադարանին: Գրադարանն իր հերթին մեծ թվով գրականություն տրամադրեց դրա պոտենցիալ կարիքն ունեցող ուսանողներին ու դասախոսներին:
Միջոցառման վերջում անակնկալ էին պատրաստել ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները: Նրանք քոլեջի հայոց և օտար լեզուների ամբիոնի դասախոս Էմմա Մխեյանի և գրադարանավար Մարիամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ գեղեցիկ բեմադրություն էին պատրաստել մայրենի լեզվի, հայոց գրերի ստեղծման եւ նրանց հավերժական նշանակության թեմայով: