Նոյեմբերի 22-ին Ագրարային համալսարանում կայացել է «Ագրոանտառագիտության խթանում՝ հանուն փոքր գյուղարտադրողների ընկերային եւ բնապահպանական օգուտների» (ASA) նախագծի ամփոփիչ հանդիպումը։ Նախագիծն իրականացվում է ՀԱԱՀ-ի, «ՇԵՆ» բարեգործական կազմակերպության եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցությամբ։
Նախագծի շրջանակում հնարավորություն եմ ունեցել այցելելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ 2023 թ. ապրիլի 17 – հուլիսի 14-ը տարբեր մասնագիտությունների՝ աշխարհագրություն, ագրոէկոլոգիա եւ անտառագիտություն, հայ եւ գերմանացի ուսանողներից կազմված մեր միջազգային թիմի կազմում Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանում մասնակցելու նախագծի առաջին փուլին:
Այցելել ենք տարածաշրջանի մի քանի տարբեր ագրոանտառային համակարգեր: Այնուհետեւ մեր թիմը միացավ պտղատու այգիների վերաբերյալ հետազոտական նախագծին, որը գերմանական ավանդական ագրոանտառային համակարգ է՝ բաղկացած տարբեր պտղատու ծառերից եւ խոտածածկ տարածքներից, որոնք օգտագործվում են անասունների արածեցման համար: Այնտեղ իրականացրեցինք ծառերի եւ բուսականության չափումներ: Մասնակցել ենք տարբեր դասախոսությունների, սեմինարների եւ խմբային քննարկումների ագրոանտառային համակարգերի հիմնման եւ կառավարման վերաբերյալ:
Ծրագրի 2-րդ փուլը շարունակվեց Հայաստանում՝ սեպտեմբերից, 3 ամիս տեւողությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել ագրոանտառային համակարգերի կիրառումը` բարելավելու կայունությունը, պարենային անվտանգությունը եւ գյուղական բնակավայրերի եկամուտը Հայաստանի Լոռու մարզի Լեռնավան բնակավայրում: Այդ նպատակով մենք սկսեցինք կազմել հարցաթերթեր եւ անցկացնել հարցազրույցներ եւ խմբային քննարկումներ ֆերմերների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի ընթացքու ունի գյուղատնտեսության ոլորտի զարգացումը Լեռնավանում եւ որոնք են ֆերմերների՝ ագրոանտառային տնտեսությանն առնչվող հիմնական մտահոգությունները։
Այցելել ենք ագրոանտառային համակարգի հիմնման համար նախատեսված տարածք, կատարել ենք տարածքի ուսումնասիրություն, հողի նմուշառում, այնուհետեւ նմուշները ուղարկվել են անալիզի ՀԱԱՀ լաբորատորիա:
Ծրագրի ամփոփիչ հանդիպմանը՝ նոյեմբերի 22-ին ներկայացրել ենք հարցումների եւ խմբային քննարկումների, հողային նմուշների անալիզների արդյունքները, ագրոանտառային համակարգի նախնական մոդելը, ինչպես նաեւ պլանավորել հետագա աշխատանքները:
Մոնիկա Խաչատրյան
Ագրոէկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ
- 24/11/2023
- 2023