2022 թ. մայիսի 23-27-ը Ագրարայինի աշխատակիցներ՝ ԱԷԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում մեկշաբաթյա դասավանդման ու վերապատրաստման դասընթացների մասնակցեցին Իսպանիայի Միգել Հերնանդես համալսարանում:
Համալսարանն ունի 4 ճամբար՝ տարբեր քաղաքներում: Մեր աշխատակիցներն այցելեցին Էլչեի եւ Օրիուելայի մասնաճյուղեր: Էլչեում մասնակիցներին դիմավորեցին ՄՀՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վիսենտե Միկոլ Մոլինան, Միջազգային կապերի, համագործակցության զարգացման եւ կամավորության ծառայության պետ Ինմակուլադա Բլայա Սալվադորը, Միջազգայնացման պետ Խոսե Մանուել Բլանես Մարտինեզը, Միջազգային կապերի բաժնի Էրազմուս ծրագրի համակարգող Մոնիկա Քանդելա Սեմպերեն: Խոսե Մանուել Բլանես Մարտինեզը՝ Միգել Հերնանդեսի, իսկ Սերգեյ Մելոյանը Ագրարային համալսարանի մասին պատմող նյութեր ներկայացրին:
Օրիուելայում ՀԱԱՀ աշխատակիցներին ընդունեցին մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ռիկարդո Աբադիա Սանչեզն ու գործընկերները: Այդ օրը մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց անհատական ժամանակացույցով ծանոթանալու եւ գործընկերների հետ քննարկելու նեղ մասնագիտական խնդիրներ: Սերգեյ Մելոյանն ու Նաիրա Ավետյանը դասախոսություններ ներկայացրեցին: Արթուր Ալթունյանն այցելեց Գյուղատնտեսական ճարտարագիտության լաբորատորիաներ ու գիտահետազոտական կենտրոններ: Սասուն Մամաջանյանը հանդիպեց Ագրոքիմիայի եւ շրջակա միջավայրի պահպանության ֆակուլտետի գործընկերների հետ, այցելեց լաբորատորիաներ եւ գիտահետազոտական կենտրոններ: Քարտեզագրական ճարտարագիտության ամբիոնի աշխատակիցները պրոֆեսոր Խոսե Կորդերո Գրասիայի գլխավորությամբ Նանե Խուդավերդյանին ներկայացրին լաբորատորիաները, գեոդեզիական սարքավորումները, Իսպանիայի ազգային գեոպորտալն ու ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը, երկրատեղեկատվական համակարգերը, գրանցման ու կադաստրային համակարգերն ու քարտեզների ուղղման գործող կարգը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները՝ ճարտարագիտական ֆակուլտետում:
Ընդհանուր առմամբ վերապատրաստումներն ու հանդիպումներն արդյունավետ էին՝ հետաքրքիր քննարկումներով, մտքերի փոխանակմամբ, հետագա համագործակցության հաստատակամությամբ: