Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանվածների համար դասընթացները շարունակվում են։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին մասնաճյուղի Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում կազմակերպվեց «Չանախ պանրի պատրաստման տեխնոլոգիա» թեմայով գործնական դասընթաց, որին գլխավորապես մասնակցում էին Արցախից տեղահանված քաղաքացիները:
Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն էր, որը հատուկ ջանադրությամբ եւ նվիրվածությամբ ներկայացրեց «Չանախ» պանրի պատրաստման նրբություններն ու տեխնոլոգիական առանձնահատկությունները։ Ընդհանրապես տիկին Ավագյանը հատկացված ժամանակի ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն առավելագույնս փոխանցեց դասընթացի մասնակիցներին:
Մասնակիցները շատ գոհ ու ոգեւորված էին դասընթացից եւ պատրաստ՝ սովորածը կիրառելու իրենց առօրյայում։ Դասընթացի վերջում նրանք պայմանավորվեցին որոշ ժամանակ անց կրկին հանդիպել մասնաճյուղում եւ միասին համտեսել իրենց պատրաստած եւ հասունացման փուլն անցած «Չանախ» պանիրը։
Հերթական դասընթացի արդյունավետությունը ցույց է տալիս, որ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի ժամանակակից լաբորատորիան նոր իմաստ է ձեռք բերում: