Մեր երկրում բուհերից առաջինն Ագրարային համալսարանն էր, որ ուսումնական պլանները թարմացնելու, ավելի արդիականացնելու նպատակով չորրորդ կուրսի առաջին կիսամյակը փորձուսուցման շրջան դարձրեց: Համոզված ենք, որ այս քայլի շնորհիվ մեր շրջանավարտներն ավելի մրցունակ կդառնան աշխատաշուկայում: Եւ դա օրինաչափ կլինի, որովհետեւ տեսական գիտելիքները կիրառելու, գործնական հմտություններով զինվելու անփոխարինելի շրջան կլինի:
Դեռեւս մարտ ամսից փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ Անահիտ Սարոյանի հետեւողական ջանքերի, նախապատրաստական աշխատանքների շնորհիվ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության պայմանագրեր կնքեց սննդի վերամշակման ձեռնարկությունների, թողարկող ամբիոնների ուղղվածություններին համապատասխանող ընկերությունների, բանկային համակարգի ներկայացուցիչների հետ: Մեր հին ու նոր գործընկերների անունները հիշատակելը շատ ժամանակ կխլի ընթերցողից: Փոխարենը կարող ենք խոստանալ, որ կջանանք աշխատանքային կիսամյակի ընթացքի մասին պարբերաբար իրազեկել:
Հավելենք, որ ընկերությունների մեծ մասը փորձուսուցման համար կվճարի ուսանողներին: Չի բացառվում նաեւ, որ լավագույնները հունվարին արդեն մշտական աշխատանքի առաջարկ կստանան: