Առաջին անգամ՝ Ագրոճամբար․ Ամառն իր ողջ հրապույրներով ու ներկապնակով

Ագրոճամբարի առաջին փորձառությունն է՝ իր ողջ հմայքով, հույզերով, անկանխատեսելի դժվարություններով, ուրախություններով, փոքր ու մեծ հայտնագործություններով: Հիմնականում երեւանաբնակ 31 պատանի ու պարմանուհի, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի ղեկավարությամբ ամառային-հեքիաթային մեկ շաբաթ են անցկացնում «Զարթոնք» հանգստի հանգրվանում, որի աշխատակազմը՝ բժիշկ, մարզիչներ, համեղ պատրաստող խոհարարներ, ամեն ինչ անում են անմոռանալի շաբաթ պարգեւելու համար:

Բնականաբար, հագեցած է ծրագիրը՝ արշավներ, այցելություններ եկեղեցական համալիրներ, թանգարաններ, մարզական, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար, խարույկ (էլ ինչ ճամբար առանց խարույկի): Ագրարայինի դեկաններն ու այլ աշխատակիցներ կայցելեն երեխաներին, կպատմեն մեր բուհի, մասնագիտությունների առանձնահատկությունների, բարեփոխումների, զարգացման տեսլականի եւ այն լայն հնարավորությունների մասին, որոնք տրվում են սաներին:

Ճամբարը մեկնարկել է ընթացիկ շաբաթվա սկզբին: Մասնակիցները Երեւան կվերադառնան առաջիկա կիրակի օրը: Նախատեսվում է այս հեքիաթային շաբաթն ավարտել  Վարդավառով: Հատուկ մրցանակային անվանակարգերով կխրախուսվեն լավագույնները:

Համոզված ենք, մասնակիցները տուն կվերադառնան նոր ընկերներ գտած, ծրագրեր հղացած, աշխարհի գոյատեւման հիմք-անկյունաքար ագրարային ոլորտի դերն ու կարեւորությունը հասկացած, սիրելով: Գուցե ոմանք արդեն «կհայտնաբերեն» իրենց ապագա մասնագիտությունը…