Պատմական ակնարկ

39799529_1776413342466282_542811856792715264_n

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Սկզբնական շրջանում պարապմունքները վարել են շուրջ 50 դասախոսներ։

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել է երեք ֆակուլտետ`
երկրագործական,
զոոտեխնիկական (անասնապահական և կաթնատնտեսական մասնագիտացումներով)
այգեգործական:
Հաջորդ ուսումնական տարում զոոտեխնիկական ֆակուլտետն իր դասախոսներով փոխադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Հետագա մի քանի տարիներին ինստիտուտում գործել է նաև գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ֆակուլտետը:

Հանրապետության գյուղատնտեսության հարաճուն պահանջները բավարարելու նպատակով հետագայում հիմնադրվում են գյուղատնտեսության մեքենայացման (1942թ.), հիդրոմելիորացիայի (1951թ.) և գյուղատնտեսության էկոնոմիկայի (1967թ.) ֆակուլտետները: 1976թ. բացվում է նաև գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետը: 1932թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը` սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մնացած մասնագիտությունների գծով: Ինստիտուտի առաջին դիրեկտորն է եղել Սարգիս Իսայու Աբովյանը (1937-1938, 1956-1967թթ.), այնուհետև ինստիտուտը ղեկավարել են  Ա.Մ. Հարությունյանը (1938-1940թթ.), Խ.Պ.Միրիմանյանը (1940-1942, 1953-1956թթ.), Բ.Գ.Մարտիրոսյանը (1942-1953թթ.), Ա.Ս.Թովմասյանը (1967-1978թթ.), Մ.Ա.Գյուլխասյանը (1978-1994թթ.):

Ինստիտուտի շատ շրջանավարտների և դասախոսների անունները հայտնի դարձան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ակադեմիկոսներ Ա.Ա.Մատթևոսյան, Գ.Խ.Աղաջանյան, Վ.Վ.Դովլաթյան, պրոֆեսորներ Խ.Պ.Միրիմանյան, Պ.Ն.Հակոբյան, Ե.Մ.Մովսիսյան, Դ.Ն.Բաբայան, Ս.Ս.Սահակյան, Ա.Ե.Մարգարյան, Հ.Կ.Փանոսյան, Խ.Ա.Խաչատրյան, Հ.Վ.Մաքսապետյան, Մ.Ա.Եսայան, Զ.Ա.Մելքոնյան, Ա.Հ.Մարուխյան, Պ.Կ.Տեր-Զաքարյան, Ա.Ս.Խաչատրյան և ուրիշներ: Սկզբնական տարիներին ինստիտուտն ուներ ընդամենը 10 ամբիոն, հետագայում դրանց թիվը հասավ 34-ի: 1938 թ.-ից գործել է ասպիրանտուրա, 1948-ից տրվել է ատենախոսությունների պաշտպանության իրավունք: Ինստիտուտն ունեցել է հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը 1990-ականների սկզբին կազմել է ավելի քան 370 հազար միավոր:1958թ. մայիսից հրատարակվել է «Գյուղատնտես» բազմատպաքանակ թերթը։

Գոյության 64 տարիների ընթացքում ինստիտուտը 14 մասնագիտությունների գծով տվել է ավելի քան 23 հազար շրջանավարտ, ունեցել է 450 ասպիրանտ: Մեծ աշխատանք է կատարվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ: Գիտական խորհուրդներում պաշտպանվել է 21 դոկտորական և 284 թեկնածուական ատենախոսություն:

Բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներն ամփոփվել են 53 ժողովածուում, տպագրվել է ավելի քան 5550 գիտական հոդված և 90 մենագրություն, 115 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, շուրջ 800 գիտահանրամատչելի գրքույկ: Աշխատակիցները ստացել են 165 հեղինակային վկայական, մի քանի գյուտ արտոնագրվել է արտերկրում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980թ. հոկտեմբերի 15-ի հրամանագրով որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

1920-ական թվականների առաջին կեսին Անդրկովկասյան հանրապետություններում անասնապահությունը անմխիթար վիճակում էր, մասնավորապես` չկային մասնագիտական կրթօջախներ, որոնք կարող էին նոր մակարդակի հասցնել անասնաբուժությունն ու անասնաբուծությունը։ Ուստի ժամանակի հրամայականն էր տարածաշրջանում ստեղծել համապատասխան կրթական և գիտական կենտրոն:

1928թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ, որի տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը։ Ինստիտուտի գործունեությունը մեկնարկեց 12 դասախոսով, այդ թվում երկու պրոֆեսոր և չորս ասիստենտ:

Ուշագրավ մի փաստ. 1930թ. Բեռլինի անասնաբուժական համալսարանի պրոֆեսոր Նոլլերը, այցելելով Երևանի անասնաբուժական ինստիտուտ, «Ցենտրալբլատ ֆյուրբակտերոլոգի» ամսագրում գրել է. «Անդրֆեդերացիայի անասնաբուժական ինստիտուտը համարվում է այդ տիպի նշանավոր հաստատություն: Այդ ինստիտուտի կառուցմանն անհրաժեշտ է վերաբերվել արտակարգ մեծ հետաքրքրությամբ, քանի որ Հայաստանի տարածքում և միակը Անդրկովկասում հառնում է առաջնակարգ բուհ, որը համարվում է գիտական անասնաբուժության հենակետ Թուրքիայի և Պարսկաստանի սահմանի վրա» (մաս I, 97-րդ հատոր, Բեռլին, 1930թ):

Առաջին ուսումնական տարվա ընդունելության պլանով սահմանվել էր 130 տեղ, ընդ որում` 25-ը Հայաստանի, 35-ն Ադրբեջանի, 30-ը Վրաստանի, 30-ը Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետությունների, իսկ 10-ը բանակից զորացրվածների համար:

Սկզբից ևեթ ինստիտուտում գործել է երկու ֆակուլտետ`
անասնաբուժական,
անասնաբուծական,
իսկ 1961 թ. կազմավորվել է նաև կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգների ֆակուլտետը: 1932թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի: 1965թ. գործել են որակավորման բարձրացման, իսկ 1969 թ.` հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: 1971թ. բացվել է նախապատրաստական բաժինը:
Ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորն էր Բ.Գ.Մասինոն (1928-1937թթ.): Հետագա տարիներին ինստիտուտը ղեկավարել են Հ.Պ.Մեղավորյանը (1937-1939թթ.), Մ.Հ.Մարտիրոսյանը (1939-1942թթ.), Գ.Ա.Շաքարյանը (1942-1955թթ.), Գ.Ո.Քամալյանը (1955-1972թթ.), Հ.Հ.Մադոյանը (1972-1978թթ.), Գ.Հ.Փանոսյանը (1978-1983թթ.), Մ.Ս.Մելքոնյանը (1983-1994թթ.)։ Գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհուրդների գոյության ընթացքում պաշտպանվել է 807 ատենախոսություն, այդ թվում` 132-ը դոկտորական:
Ինստիտուտն ուներ հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը վերջին տարիներին կազմում էր 225 հազար միավոր:
1932թ. ընդմիջումներով, իսկ 1958-ից կանոնավոր սկսել է հրատարակվել ինստիտուտի «Կադրերի համար» բազմատպաքանակ թերթը: 1946թ. հիմնադրվել է ինստիտուտի տպարանը: Իր գոյության ընթացքում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը տվել է 16717 շրջանավարտ:
Ինստիտուտի գիտնականները ծանրակշիռ գիտահետազոտական աշխատանքներ են կատարել անասնաբուծության, անասնաբուժության, կաթնագործության բնագավառներում: Ստացվել են գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու նոր ցեղեր և ցեղային տիպեր, մշակվել ու ներդրվել են կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցներ ու մեթոդներ, առաջարկվել են կաթնամթերքի նոր տեսակների արտադրության տեխնոլոգիական լուծումներ:
1974թ. հիմնադրվել է գիտահետազոտական սեկտորը, որի կազմում գործել է արտոնագրային ինֆորմացիայի ծառայությունը:
Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 64 ժողովածուում, տպագրվել է 4562 գիտական հոդված, 87 մենագրություն: Հրատարակվել են 144 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 148 գիտահանրամատչելի գրքույկ, ստացվել է 136 հեղինակային վկայական: Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով անցկացվել է 50 գիտաժողով, այդ թվում` 16-ը համամիութենական և միջբուհական բնույթի:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով ինստիտուտը գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել Է «Պատվո նշան» շքանշանով:

Հայկական գյուղատնտեսական  ակադեմիա, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն` Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան: 2012թ.-ի հուլիսի 14-ի թիվ 872 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998), 1998-2018 թվականներին բուհը ղեկավարել  է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Պ.Թարվերդյանը։ 2018 թ. սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ը համալսարանը ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԱՄՆ Տեխասի  A and M համալսարանի ասոշիեյթ պրոֆեսոր Վարդան Էդիկի Ուռուտյանը, իսկ 2023 թվականի դեկտեմբերի 26-ից, համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի որոշման, ռեկտորի պարտականությունների կատարումը դրվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Սամվելի Զաքոյանի վրա։

Ագրարային համալսարանը, լինելով գյուղատնտեսական ոլորտի միակ պետական բուհը Հայաստանում, բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում առկա 18 և հեռակա 16 մասնագիտությունով՝ ուսուցման եռաստիճան համակարգով, որը հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին: Հաշվի առնելով ագրարային կրթության առանձնահատկությունները, ապագա մասնագետների գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման կարևորությունը` ՀՀ կառավարությունն ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների համար բակալավրային ուսուցման տևողությունը սահմանել է չորս տարի:

2021-2022 ուսումնական տարում երկրի բարձրագույն կրթության համակարգում առաջին անգամ ներդրվեց աշխատանքային կիսամյակի գաղափարը, որի ժամանակ համալսարանի գործընկեր ձեռնարկություններում եւ տնտեսություններում ուսանողները փորձուսուցում են անցնում եւ վճարովի աշխատանք կատարում։
Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 2092, հեռակա ուսուցման համակարգում` 2682, քոլեջում` 707: Մագիստրատուրայի առաջին եւ երկրորդ կուրսերում Ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 149 ուսանող:
Առկա եւ հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 27 է, նրանց թվում կան ասպիրանտներ Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Սիրիայից:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը թևակոխել է բարեփոխումների ակտիվ ժամանակաշրջան: 2018 թ. նոյեմբերի 6-ին  կայացած ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է համալսարանի նոր կառուցվածքը՝ 5 ֆակուլտետով՝ Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության։ Գործում են Ագրոբիզնեսի ուսուցման դեպարտամենտը, Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը, Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը, Վանաձորի, Սիսիանի, Շիրակի մասնաճյուղերը: Մինչև 2017 թվականը համալսարանը մասնաճյուղ է ունեցել Ստեփանակերտում, իսկ մինչև 2020 թվականը համալսարանի կազմում գործել են նաև ռուսական մասնաճյուղերը:

Գիտության դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներն են գիտական գրադարանը, սննդագիտության և կենսատեխնոլոգիաների, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտները, «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն», «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն», «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերը, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնները:

Գործում են «Զարթոնք» հանգստյան տունը, «Բալահովիտ», «Ոսկեհատ», Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսությունները, գինու գիտաուսումնական կենտրոնը և այլն:

Երկրի և միջազգային գիտակրթական հաստատությունների շարքում ագրարային համալսարանի ուրույն հեղինակությունն ապահովվում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական ներուժի շնորհիվ: Համալսարանում գործում է թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտական երեք խորհուրդ` գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ, ագրոնոմիա, անասնաբուժություն: Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 4 մասնագիտությունների գծով:

Ագրարային համալսարանի գիտնականները բազմաթիվ հետազոտական ծրագրեր են իրականացնում մշակաբույսերի արժեքավոր սորտերի և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենոֆոնդի պահպանման ու բարելավման, անասնաբուժության, գյուղատնտեսական նոր մեքենաների և սարքավորումների նախագծման, բուսական ու կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման նոր տեխնոլոգիաների, էկոլոգիական, ջրային ու հողաշինարարական հիմնախնդիրների, բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստուգման ու միջոցառումների մշակման, ինչպես նաև ագրարային տնտեսագիտական հիմնախնդիրների բնագավառներում: Համալսարանի գիտնականները վերջին տարիներին սերտորեն համագործակցում են միջազգային տարբեր գիտակրթական կառույցների հետ և կազմակերպում միջազգային գիտաժողովներ:

Ուսանողների անձնական և մասնագիտական զարգացմանն են ծառայում ավելի քան 60 նորարարական լաբորատորիաները, կրթական և փորձարարական կենտրոնները։ Դրանցից են՝ Ուսանողների հաջողության կենտրոնը, Գիտելիքի նորարարական հաբը, Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության լաբորատորիան, որտեղ մասնագիտական նորագույն գիտելիքներ են ստանում ցանկացողները՝ անկախ մասնագիտությունից ու տարիքից, Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան, որը կարևոր օգնություն է ագրարային ոլորտի զարգացմամբ զբաղվողներին և նպաստում է պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը։ Կարևոր ներդրում է Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը՝ անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայով (ագրոդրոններ)։ Լաբորատորիան ծառայում է ուսանողներին և դասախոսներին ուսումնահետազոտական նպատակներով, ֆերմերներին և գործող մասնագետներին՝ արտադրական և վերապատրաստման նպատակներով, իսկ ոլորտի տարբեր շահակիցներին՝ խորհրդատվական ծառայությունների տեսքով։ Նորաբացներից է «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան, որի նպատակն է օգնել ոլորտի մասնագետներին և թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարներն ու զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները և առևտրայնացնել իրենց ստեղծած գիտական արդյունքները։

Ագրարային համալսարանի գրադարանը հանրապետության հնագույն գրադարաններից է: Այն ունի տարբեր երկրներում հրատարակված գիտական, ուսումնական և տեղեկատվական գրականության մոտ 550 հազար միավոր հարուստ գրքային ֆոնդ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2004 թվականից գործում է էլեկտրոնային գրադարանը: Պատշաճ մակարդակով կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի ընթերցասրահներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծված գիտակրթական ու ստեղծագործական աշխատանքի համար: Բազմաբնույթ ցուցանմուշներով հարուստ է նաև ՀԱԱՀ-ի պատմության թանգարանը:

Իննսունչորսամյա համալսարանի կոլեկտիվը վստահաբար կերտում է իր ապագան՝ ժողովրդի և իր պետության առջև պատվով կատարելով իր առաքելությունը: