Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը պաշտոնապես բացված է

Այսօր՝ ապրիլի 29-ին, երբ Հայաստանն առաջին անգամ նշում է ազգային նոր տոնը՝ Անասնաբույժի օրը, ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում պատոնապես բացվեց Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, մասնագետներ, դասախոսներ եւ ուսանողներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր ողջույնի խոսքում ներկաներին շնորհավորեց թե Անասնաբույժի օրվա եւ թե գերազանցության կենտրոնի բացման առթիվ։ Կենտրոնի գործարկումը նա կարեւոր համարեց ագրոտեխնոլոգիական ուղղվածության կրթության զարգացման, անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնելու տեսակետից։

«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝ մեզ համար կարեւորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության եւ անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարեւոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով եւ հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,- ասաց նախարար Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին եւ կենտրոնի ստեղծման գործում ներդրում ունեցած մյուս կողմերին։ Նախարարը վստահություն հայտնեց, որ ուսանողներն ու դասախոսները կենտրոնում ստեղծված արդիական միջավայրում ավելի ոգեւորված ու արդյունավետ կկազմակերպեն ուսումնական գործընթացը։

Ներկաներին Գերազանցության կենտրոնի բացման եւ Անասնաբույժի օրվա կապակցությամբ ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորեց բոլոր շահակիցներին եւ առաջին հերթին՝ ուսանողներին՝ կենտրոնի բացման կապակցությամբ եւ նշեց, որ այստեղ ստեղծված են բարձրակարգ եւ մրցունակ կրթություն ստանալու բոլոր նախադրյալները։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց աջակցող բոլոր կառույցներին՝ ԿԳՄՍ նախարարությանը, Նորարարությունների մրցակցային հիմնադրամին, Համաշխարհային բանկին։

Ռեկտորը գոհունակությամբ նշեց այն փաստը, Ագրարային համալսարան ընդունվելու համար այս օրերին դիմող պատանիների թվում, անցյալ տարվա համեմատ, շոշափելիորեն ավելացել է անասնաբույժի մասնագիտությունն ընտրողների տեսակարար կշիռը։

Ռեկտոր Ուռուտյանը ներկաներին շնորհավորեց նաեւ Անասնաբույժի օրվա կապակցությամբ եւ հայտարարեց, որ կենտրոնի ստեղծման գործում արդյունավետ գործակցությամբ աչքի ընկած անձինք, եւ համալսարանի մի շարք նվիրյալ մանկավարժներ պարգեւատրվել են Ագրարային համալսարանի շնորհակալագրով եւ հուշամեդալներով։ Նախարար Դումանյանը հաճույքով կատարեց դրանք արժանավորներին հանձնելու պարտականությունը։

Անասնաբուժական նորագույն կաղապարվածքներով ու սարքերով հագեցած նորարարական ուսումնական այս կենտրոնը միանգամայն նոր խոսք է անասնաբուժական կրթության, գիտության, հետազոտությունների եւ ծառայությունների բանագավառներում։ Արեշի մասնաշենքում կենտրոնի համար հատկացված ընդարձակ հարկաբաժնի վերակառուցումն ու կահավորումը սկսվել է դեռ 2019 թ․։ Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։

Կենտրոնը կնպաստի  հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով՝ կեղծակերպական (սիմուլյացիոն) ուսուցման մեթոդի եւ կենսաէթիկական կրթական մոտեցման կիրառմամբ, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական եւ վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին եւ գործող անասնաբույժներին, օգնել նրանց՝ նվազեցնելու սխալները մասնագիտական գործունեության ընթացքում:

Կենտրոնն ունի երեք հիմնական բաժին՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա եւ ուսումնական լսարաններ: