Սեպտեմբերի 30-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի կազմակերպած Բաց դռների օրվան մասնակցեցին ավագ դպրոցների, վարժարանների քոլեջների սովորողներ եւ ծնողներ։
Համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հյուրերի երկու խմբերին դիմավորեցին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, ֆակուլտետների դեկանները եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրեցին համալսարանը, աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունները, ընդունելության կարգը, բուհում ստեղծված ուսանողակենտրոն միջավայրը, միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու լայն հնարավորությունները։ Հավաքված երիտասարդներն ու նրանց ծնողները հետաքրքրությամբ եւ գոհունակությամբ էին հետեւում դեկանների յուրօրինակ «մրցույթին»՝ յուրաքանչյուր ֆակուլտետում առկա նորարարական կրթական ծրագրերի կարեւորությունն ու պահանջարկվածությունը ներկայացնելիս։
Այնուհետեւ դպրոցականները շրջայց կատարեցին Ջրային եւ հողային ռոսուրսների հետազոտական կենտրոնում, ագրոդրոնների լաբորատորիայում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, խելացի ջերմատանը եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում։
Բաց դռների օրը համալսարանի ղեկավարության եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հետեւողական աշխատանքի արդյունավետ դրսեւորումներից մեկն էր։ Դպրոցականներն ու քոլեջականները հարուստ տպավորություններով բաժանվեցին Ագրարայինից, ոմանք՝ մասնագիտության ընտրության հարցում արդեն որոշում կայացրած։ Սիրով կսպասենք։