Հայաստան մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցի շրջանակում օրերս Ագրարային համալսարանում էր Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի Գինու բիզնես մասնագիտության ուսանողների խումբը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Ռութ Ֆլոյխաուսի գլխավորությամբ։ Խմբին ուղեկցում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։
Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գինեգործական ոլորտի զարգացումներին եւ ընթացիկ ծրագրերին:
Ագրարային համալսարանում ապագա գինեգործները ծանոթացան նորարարական մի շարք լաբորատորիաներին եւ կենտրոններին։ Եղան, մասնավորապես, Գինու լաբորատորիայում եւ համտեսի սրահում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում եւ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայում, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիայում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում։
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում գերմանացի ուսանողները հիշարժան հանդիպում ունեցան ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ, որը երիտասարդ գործընկերներին հաճույքով ներկայացրեց համալսարանի՝ ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի փոխակերպման ընթացքը։
Երիտասարդները հետաքրքրությամբ ունկնդրեցին նաեւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ Հայարփի Շահինյանին, որը ներկայացրեց գինու նվիրական երկիր Հայաստանում գինեգործության ոլորտում վերջին տարիներին առկա գոհացուցիչ զարգացումներն ու այդ գործում ՀԽԳՀ առանցքային դերը։
Հանդիպումն ավարտվեց գինու համտեսով, որի ժամանակ երիտասարդ գինեգործները բարձր գնահատեցին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի «Ի Վի Էն» եւ ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինիները։ Համտեսի ընթացքում գերմանացի ուսանողներին եւ գործընկերներին ողջունեց նաեւ հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը։
Հայլբրոնի համալսարանի ուսանողներն այցելել են նաեւ Արենի-1 քարանձավ՝ աշխարհի հնագույն գինեգործարան, ինչպես նաեւ՝ առաջատար մի շարք գինեգործական ընկերություններ: