Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տուն

axavnadzor

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Զարթոնք» հանգստյան տունը հիմնանորոգումից հետո իր հյուրընկալ դռներն է բացել այցելուների առաջ՝ առաջարկելով բոլոր անհրաժեշտ պայմանները լիակատար հանգստի և ժամանցի անցկացման համար: Հիմնանորոգման արդյունքում հանգստյան տան տարածքում արդեն գործում է նորարարական ուսուցման եւ վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում եւ այդ ծրագրի չորս բաղադրիչներից մեկն է։
Անգնահատելի են ագրոճամբարի գաղափարը եւ հեռանկարները՝ մեր երկրում գյուղատնտեսության զարգացման, ոլորտի համար նոր որակի մասնագետների պատրաստման, գործող մասնագետների վերապատրաստման, նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման ու տարածման, սպառողի համար անվտանգ սննդի արտադրության հիմնասկզբունքների ուսուցման ու կիրառման տեսակետից։
«Ագրոճամբար» կենտրոնն արդեն իսկ պատրաստ է կազմակերպել թիրախային բոլոր խմբերի՝ ուսանողների, ֆերմերների, դասախոսների, մասնավոր հատվածի եւ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը՝ կրթական բաղադրիչը զուգակցելով նոր գործելակերպի՝ շրջանաձեւ տնտեսության մոդելի կիրառման հետ։ Ագրոճամբարի՝ «Զարթոնքում» տեղակայումը համալսարանի համակարգում առկա ենթակառույցների արդիականացման միջոցով դրանց լիարժեք ծանրաբեռնվածության ապահովման խնդրի լավագույն լուծումն է, որ հնարավոր դարձավ գործընկերների աջակցությամբ։ «Ագրոճամբարի գաղափարի իրականացումը էական առաջընթաց քայլ է համալսարանում միջազգայնորեն մրցունակ կրթական ու հետազոտական միջավայրի ստեղծման ուղղությամբ։

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ICARE) կողմից «Ագրոճամբար» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասնակիցները «Զարթոնքում» հանգստանալիս, համաձայն ՀԱԱՀ ռեկտորի հրամանի, 2022թ․ հոկտեմբերի 1-ից կվճարեն՝ մեկ անձի մեկ օրվա ուղեգրի համար՝ առանց ԱԱՀ–ի․ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ երեքանգամյա սնունդով և 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ՝ առանց սննդի:
Հանգստյան տունն իր այցելուներին է տրամադրում լուսավոր ու հարմարավետ առանձնասենյակներ, օրական երեք անգամ սնունդ, տաք և սառը ջուր, ինչպես նաև մնացած բոլոր կենցաղային պայմանները՝ ստեղծելով կատարյալ հանգիստ ապահովող միջոցառումների համալիր: Հանգստի տունն առաջարկում է մեկից չորս հոգու համար նախատեսված առանձնասենյակներ՝ պատշգամբներով, որտեղից բացվում են բնության հիասքանչ տեսարաններ: Կան երկու կարգի սենյակներ՝ սովորական և լյուքս, որտեղ տեղակայված են սանհանգույց, սառնարան, հեռուստացույց՝ արբանյակային ալեհավաքով:

ՀԱԱՀ աշխատակիցների, ուսանողների և նրանց հետ հանգստացող ընտանիքի մեկից չորս անդամի համար 1–ին և 2-րդ հարկերի սենյակներ զբաղեցնելու դեպքում ուղեգրի արժեքը կազմում է 10000 (տաս հազար) ՀՀ դրամ՝ երեքանգամյա սնունդով, 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ առանց սննդի:
Այլ հանգստացողների, ՀԱԱՀ աշխատակիցների, ուսանողների հետ հանգստացող ընտանիքի 5-րդ և ավելի անդամների, ինչպես նաև ոչ ՀԱԱՀ աշխատակից կամ ուսանող հանգստացողների համար 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ՝ երեքանգամյա սնունդով և 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ՝ առանց սննդի:
Սոցիալական փաթեթով և կամ տուրիստական կազմակերպության միջոցով հանգստացող մեկ անձի համար 14000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ՝ երեքանգամյա սնունդով, որի 10%-ը կհատկացվի համապատասխան պայմանագրերի հիման վրա ՀԱԱՀ–ի հետ համագործակցող տուրիստական կազմակերպությանը որպես միջնորդավճար:
30 – 50 հոգանոց խմբով ոչ ՀԱԱՀ աշխատակից կամ ուսանող հանգստացողների համար մեկ անձի հաշվով կկիրառվի զեղչ 10%-ի չափով:
51 և ավել հոգանոց խմբով ոչ ՀԱԱՀ աշխատակից կամ ուսանող հանգստացողների համար մեկ անձի հաշվով կկիրառվի զեղչ 15%-ի չափով:
1-3 տարեկան երեխաների համար հանգիստը կկազմակերպվի անվճար, եթե նրանք չեն զբաղեցնում մահճակալ։
3-7 տարեկան երեխաների համար կգործի 50% զեղչ:
Հանգստյան տանը գործում են.
անվճար Wi-Fi,
վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներ,
բիլիարդի և սեղանի թենիսի խաղասրահներ,
մանուկների համար լողավազան,
սեմինարների և գործնական հանդիպումների կոնֆերանս- սենյակ,
ինտելեկտուալ, մշակութային և այլ միջոցառումների անցկացման դահլիճ,
ժամանցային խաղերի կազմակերպման սրահ և անհրաժեշտ գույք,
ավտոկայանատեղի,
բնության գրկում առանձնանալու տաղավարներ,
մանկական խաղահրապարակներ:Այս ամենը տրամադրվում է անվճար:Միաժամանակ կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի հարակից գեղատեսիլ վայրեր՝ Ծաղկաձոր, Սևան, Հանքավանի տաք ու բուժիչ հանքային ջրեր և այլն:
Աղավնաձորյան այս գողտրիկ անկյունն էլ ավելի է գեղեցկանում ձմռան ամիսներին: Ունենալով առանձին կաթսայատուն՝ հանգստյան տունն իր այցելուներին ապահովում է մշտական ջեռուցմամբ ինչպես առանձնասենյակներում, այնպես էլ շենքի ողջ տարածքում:
«Զարթոնք» հանգստյան տան աշխատակազմի բարեհամբույր և հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև բարձրակարգ սպասարկումն ու ընտանեկան ջերմ մթնոլորտի առկայությունն ավելի հաճելի ու անմոռանալի կդարձնեն Ձեր և Ձեր երեխաների հանգիստը:

Հետադարձ կապ`

ՀՀ, Կոտայքի մարզ, 2311, գ.Աղավնաձոր
Հեռ. (0223) 6-16-11, (0223) 6-16-12, բջջ. (091) 46-56-45
E-mail: [email protected]