«Ասա ինձ եւ ես կմոռանամ, ցույց տուր ինձ, եւ ես գուցե հիշեմ, մասնակից դարձրու, եւ ես կսովորեմ»․ Բենջամին Ֆրանկլին
Հուլիսի 11-ին AFISHE նախագծի հայաստանյան մասնակիցներն այցելեցին «Սեւանի իշխան» ՓԲԸ, որի հիմնական նպատակը կազմակերպության գործունեությանը ծանոթանալն էր: Այցը հետաքրքրական է նաեւ այն տեսանկյունից, որ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ` AFISHE-ի շրջանակում մագիստրանտների փորձուսուցումը կազմակերպելու համար:
ՀԱԱՀ-ի այցին մասնակցեցին AFISHE նախագծի համակարգող Գարեգին Համբարձումյանը, փարձագետներ Հ․ Գեւորգյանն ու Ա․ Հարությունյանը, ինչպես նաեւ ԱԲԱ ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։ ՀԱԱՀ-ի կայուն գործընկեր Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից ներկա էին նախագծի փորձագետներ, Ձկնաբանության լաբորատորիայի վարիչ Բ․ Գաբրիելյանն ու առաջատար մասնագետ Հ․ Մելքոնյանը։
«Սեւանի իշխան» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում: Գործարանի հիմնական գործառույթը իշխանի մանրաձկան արտադրությունն է եւ բացթողումը Սեւանա լիճ, որն էլ պարբերաբար իրականացնում է:
ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը մեծ լավատեսությամբ եւ ոգեւորությամբ ներկայացրեց գործարանի բոլոր արտադրամասերն ու տեղամասերը` մանրամասնորեն բացատրելով դրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը: Կազմակերպությունը հավակնում է դառնալ նաեւ գիտական հետազոտությունների կենտրոն, որտեղ փորձեր կարվեն Սեւանա լճին բնորոշ եւ անհետացած ձկնատեսակների վերականգնման ուղղությամբ:
Սեւանա լիճը դարեր շարունակ տուն է եղել չորս ձկնատեսակների համար` իշխան ամառային, գեղարքունի, ձմեռային իշխան եւ բոջակ, ընդ որում, վերջին երկուսը համարվում են անհետացած ենթատեսակներ:
Հաջորդիվ այց կազմակերպվեց նաեւ Լճափ գյուղի տարածքում գտնվող ցանցավանդակային տնտեսություն, որտեղ հնարավոր եղավ ծանոթանալ մանրաձկան արտադրության ամբողջական շրջափուլին, առկա հիմնախնդիրներին եւ անելիքներին: Ուրախությամբ պետք է փաստենք, որ այնտեղ աշխատում է նաեւ ՀԱԱՀ շրջանավարտներից մեկը։ Ներկայացված երկու օղակների հիմնական նպատակը Սեւանի իշխանի տեղածին ենթատեսակների բնական վերարտադրության ապահովումն է։
Ձկնապաշարների վերակագնման աշխատանքները պատկերացնել եւ սահմանափակվել միայն ՓԲԸ-ի գործունեությամբ հնարավոր չէ, քանի որ այն պայմանավորված չէ միայն մանրաձկան արտադրությամբ եւ լիճ բացթողնմամբ․ անհրաժեշտ է համալիր մոտեցում, որն առնչվում է Սեւանա լիճ թափվող գետերի մաքրության, ոռոգման շրջանում ջրառների կանոնակարգման, կազմակերպչական այլ հարցերին։
Այցը շատ տպավորիչ էր, անմոռանալի եւ ուսանելի: Դրա ընթացքում հնարավոր եղավ պատկերացում կազմելու այն պայմանների մասին, որտեղ մեր մագիստրանտները պետք է անցնեն իրենց փորձուսուցումը: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ թարմացնելու իրենց գիտելիքները ձկնաբուծության եւ ակվակուլտուրայի ուղղությամբ, որը նրանք կարող են կիրառել նաեւ իրենց դասախոսությունների ընթացքում: Հուսանք, որ նման կարեւոր ու ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպության հետ կստեղծվեն կրթահետազոտական կայուն ու փոխշահավետ գործընկերային կապեր։
Ավելին, այցը մեկ անգամ եւս հավաստեց, թե ինչքան կարեւոր նշանակություն ունի AFISHE նախագիծը՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության ուղղությամբ մասնագետներ թողարկելու տեսանկյունից եւ Հայաստանի համար այդ խիստ ռազմավարական ոլորտը համապատասխան մասնագետներով զինելու համար։