ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» նախագիծը սահուն կերպով անցնում է իրականացման երկրորդ փուլ։ Ըստ ՀԱԱՀ-ի՝ որպես համակարգողի եւ ֆինանսավորող Եվրոհանձնաժողովի միջեւ կնքված եւ բոլոր մասնակից համալսարանների ու կենտրոնների կողմից ընդունված դրամաշնորհային պայմանագրի, աշխատանքների իրականացման մեկուկես տարվա ավարտից հետո ֆինանսավորող կազմակերպությանը պետք է ներկայացվի հաշվետվություն։ Վերջինս պետք է ներառի մինչ այդ կատարված աշխատանքները, ձեռբերումները եւ ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ վերհանի խոչընդոտներն ու ռիսկերը, դրանց հաղթահարման ուղիները եւ հարակից այլ հարցեր։
Միջանկյալ հաշվետվության հետ կապված հարցերի քննարկման համար նախագծային հերթական հանդիպումը կայացավ Դուբրովնիկի համալսարանում։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեցին համակարգող Գարեգին Համբարձումյանը, նախագծի փորձագետներ Գայանե Մարմարյանն ու Արման Հարությունյանը։ Մյուս համալսարաններից հանդիպմանը մասնակցեցին տեղական համակարգողներն ու աշխատանքային խմբի հիմնական անդամները, ովքեր մասնակցելու են հաշվետվության կազմմանը։
Մասնակիցներին բարի գալուստ եւ հաջող աշխատանքային հանդիպում մաղթեց Դուբրովնիկի համալսարանի Միջազգային կապերի եւ գիտության գծով պրոռեկտոր Մարիանա Պեկարեւիչը, որը նշեց նախագծի կարեւորությունը համալսարանական համագործակցության տեսանկյունից։
Մինչ բուն հաշվետվության քննարկումը, նախագծի համակարգող Գ․ Համբարձումյանը ներկայացրեց պարբերական հաշվետվությանը վերաբերող պահանջներն ու ձեւաչափը։ Ի դեպ, AFISHE-ն այն առաջին նախագծերից է, որոնք հաշվետվողականության բոլորովին նոր ձեւաչափ ունեն՝ համեմատած նախկինում իրականացված Էրազմուս+ ՀԳ2 նախագծերի։
Աշխատանքային փաթեթների համակարգողները հավաքել եւ վերլուծել էին տվյալ փաթեթի շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք էլ ներկայացվեցից հանդիպման ընթացքում։ Հատկանշական է, որ ներկայացվեցին ոչ միայն ձեռքբերումները, այլեւ ծագած խոչընդտներն ու ռիսկերը եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։
Նախագիծն ընթանում է պլանավորված վերջնաժամկետներին եւ աշխատանքներին համապատասխան։ Արդեն պատրաստ են ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսություն մագիստրոսական կրթական ծրագրերի ուսումնական պլանները եւ մոդուլային ծրագրերը, եւ այժմ փորձագիտական խմբերն աշխատում են դասավանդման եւ ուսումնառության նյութերի վրա։ Հաջողությամբ իրականացվել են ապագա դասավանդողների վերապատրաստումները եւրոպական համալսարաններում։ Դրանք մեծ ազդեցություն են ունեցել մասնակիցների վրա, քանի որ նրանցից շատերը վերանայել են իրենց կազմած ուսումնառության նյութերի բովանդակությունն ու կազմը։
Հայաստանյան եւ ուկրաինական համալսարանները ամբողջությամբ ձեռք են բերել լաբորատոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ակվակուլտուայի եւ ձկնային տնտեսության ուղղությամբ կրթական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Այժմ ընթացքի մեջ են լաբորատորիաների կահավորման աշխատանքերը եւ շուտով դրանք կբացվեն պաշտոնապես։
Հավելենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն ստացել է լիցենզիա «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու համար։ Կրթական ծրագրի առաջին փորձնական մեկնարկը Հայաստանում եւ Ուկրաինիայում կտրվի այս տարի։
Նախագիծը սահուն կերպով անցնում է իրականացման հաջորդ փուլ։ Առաջիկա 1,5 տարում բավականին մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն։ Չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, AFISHE-ի կոնսորցիումի մասնակիցները լի են նախագիծը շարունակելու եւ հաջողությամբ ավարտելու եռանդով ու ցանկությամբ։