AFISHE նախագիծը որպես համագործակցության կապող օղակ․ դասավանդում Դուբրովնիկի համալսարանում

«Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագիծը կամրջել եւ ամրապնդել է Հայաստանի ազգային ագրարային եւ Դուբրովնիկի համալսարանների միջեւ համագործակցության կապը, որի շրջանակում իմ հերթական այցելության նպատակը հրավիրող համալսարանի Կիրառական էկոլոգիայի դեպարտամենտում դասավանդելն էր: Մասնագիտական փորձառության փոխանակման այս հնարավորության ֆինանսական աջակցությունը տրամադրել է Եւրամիության Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը։

Հատկանշական է, որ Դուբրովնիկի համալսարանի 4 ֆակուլտետներում տարեկան ընդունվում է մոտավորապես 160 միջազգային ուսանող, ընդ որում, բակալավրիատի 15 կրթական ծրագրից 3-ը, իսկ մագիստրատուրայի 13 կրթական ծրագրից 7-ը իրականացվում է նաեւ անգլերենով։

Ինձ համար դասավանդման այս փորձն առանձնահատուկ էր այն բանով, որ այն կազմակերպվեց այն կրթական ծրագրում, որի լավագույն փորձով ուղղորդվեցինք AFISHE նախագծի շրջանակում Ձկնային տնտեսություն մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում մշակելու ժամանակ։ Դուբրովնիկում պատիվ ունեցա մեկ շաբաթվա ընթացքում դասավանդելու Ակվակուլտուրա մագիստրոսական ծրագիրը՝ 10 ժամ ծավալով։ Դասավանդման թեմաները քննարկվել էին նախապես՝ համապատասխանեցնելով թիրախային լսարանի պահանջներին։ Դասախոսությունների պլանավորման, իրականացման եւ հետագա համագործակցության տիրույթի ընդլայնման բոլոր փուլերում իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել Կիրառական էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորներ Տատյանա Դոբրոսլավիցը եւ Վլաստա Բարտուլովիցը, որոնց հետ հարաբերությունները գործընկերայինից զատ նաեւ ընկերական են դարձել։

Հավելեմ, որ այս այցը կարեւոր եմ համարում ոչ միայն դասավանդելու փորձառության, այլեւ՝ փոխգործակցությունն ընդլայնելու եւ գիտական տիրույթ տեղափոխելու առումով․ հստակեցվեցին միջոլորտային համատեղ հետազոտության՝ մինչ այդ քարտեզագրված դրույթները, որոնք առնչվում են ձկնաբանության, ձկների կենսաբանության եւ էկոլոգիական հիմնահարցերին՝ ՀՀ Տավուշի մարզի եւ Դուբրովնիկի բնակլիմայական պայմանների համեմատության համատեքստում։

Դուբրովնիկի համալսարան այցելությունս անչափ արժեւորում եմ նաեւ AFISHE նախագծի ավարտից հետո փոխգործակցության շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Եւրամիությանը՝  փորձի փոխանակման,  ուսումնական եւ գիտական համագործակցության ընդլայնման, կարողությունների զարգացման հնարավորություն ընձեռելու եւ ակադեմիական հանրության համար փոխգործակցության հարթակ ձեւավորելու համար, ինչպես նաեւ՝ ՀԱԱՀ-ի եւ հյուրընկալող համալսարանի միջազգային դեպարտամենտների գործընկերներին, որոնք օժանդակություն ու աջակցություն են ցուցաբերել ողջ գործընթացին։

Գայանե ՄԱՐՄԱՐՅԱՆ
Կ․ գ․ դ․, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ