Այսօր՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց AFISHE (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) Էրազմուս+ ՀԳ2 նախագծի 7-րդ՝ ամփոփիչ հանդիպումը, որը նվիրված էր նախագծի արգասիքներին եւ արդյունքներին։ Հաջողությամբ իրականացված եռամյա նախագծի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Սումիի ազգային ագրարային համալսարանը եւ Ջրի եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարանը (Ուկրաինա), Դուբրովնիկի համալսարանը (Խորվաթիա), Պորտոյի համալսարանը (Պորտուգալիա) եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում (ՍԳՀ)։
Ողջունելով գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, նախագծի գլխավոր համադրող, ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը բարձր գնահատեց բոլոր կողմերի ներդրած ջանքերը եւ արձանագրված տպավորիչ արդյունքները։
Ամփոփիչ հանդիպման մասնակիցներին ջերմորեն ողջունեց ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ շնորահակալություն հայտնելով նախագծի շնորհիվ մեր համալսարանում ներդրված մագիստրոսական նոր ծրագրերի, ստեղծված լաբորատոր ենթակառույցների եւ ԵՄ, հայաստանյան եւ ուկրաինական համալսարանների եւ աշխատաշուկայի միջեւ ստեղծված ցանցի համար․ այս ամենը ներդաշնակ կերպով համարկվում է մեր համալսարանի շարունակական բարեփոխումներին։ «Մենք պատրաստակամ ենք ստեղծված հնարավորություններն օգտագործելով՝ շարունակել մեր գործընկերների հետ հետագա համագործակցությունը, գրանցված հաջողությունը զարգացնելու պատասխանատվությունը», – նշեց ռեկտոր Զաքոյանը։
Ողջույնի խոսքով եւ նախագծի շնորհիվ ձեւավորված հուսալի գործընկերությունը շարունակելու պատրաստակամությամբ հանդես եկավ նաեւ Սումիի ազգային ագրարային համալսարանի (ՍԱԱՀ) ռեկտոր Իհոր Կովալենկոն։
«AFISHE-ն որպես նախագիծ․ նպատակներ եւ գործողություններ» վերտառությամբ զեկուցման մեջ նախագծի գլխավոր համադրող Գարեգին Համբարձումյանն անդրադարձավ նախագծի փուլերին, հաղթահարված լուրջ դժվարություններին, ներդրված նոր առարկաների ուսումնական պլաններին ու մոդուլային ծրագրերին, ստեղծված մեծաքանակ նոր ուսումնական նյութերին, դասախոսների եւ լաբորատոր սարքավորումների մասնագետների վերապատրաստմանը (ավելի քան 100 դասախոս է վերապատրաստվել Հայաստանում եւ Ուկրաինայում)։ Սակայն ամենակարեւոր ձեռքբերումը համարեց ստեղծված գործընկերային ցանցը, որը, անցնելով լուրջ դժվարությունների ու մարտահրավերների (մասնավորապես պատերազմը Ուկրաինայում) միջով, պատվով է հաղթահարել դրանք եւ հասել տպավորիչ արդյունքների։ «Այս բոլորը հնարավոր եղավ նախագծին եւ միմյանց նվիրվելու մեր կարողության շնորհիվ։ AFISHE՝ նշանակում է՝ կրթությունից դեպի էկոլոգիա եւ թիմային աշխատանքից դեպի ճշմարիտ բարեկամություն», – եզրափակեց պարոն Համբարձումյանը։ Պետք է նշել, որ նախագծի հաջողության մեջ անուրանալի է հենց պարոն Համբարձումյանի՝ որպես գլխավոր համադրողի, անձնական դերը, որի մասին է վկայում նաեւ գործընկեր բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների երախտագիտության միահամուռ դրսեւորումը նրա կատարած արհեստավարժ եւ նվիրված աշխատանքի հանդեպ։
Նախագծի տարբեր հանգրվանների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՍԱԱՀ-ից Լարիսա Կալաչեւսկան («Նախապատրաստություն»), ՋՇՃԱՀ -ից Յուլիա Հրոխովսկան («Մարդկային ռեսուրսների զարգացում»), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից Արուսյակ Հարությունյանը («Ենթակառուցվածքի զարգացում»), Պորտոյի համալսարանից Աուգուստո Ֆաուստինոն («Կարողությունների զարգացում»), ՍԳՀ-ից Ռադովան Կասարդան («Որակի ապահովում (կատարված աշխատանքը)) եւ Դուբրովնիկի համալսարանից Յոսիպ Միկուշը («Ազդեցությունը եւ տարածումը»)։
Հետագա համագործակցության ընդհանուր վճռական տրամադրվածությունը իրական կերպ ստացավ AFISHE նախագծի մասնակից գործընկերների միջեւ բազմակողմ, ինչպես նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի եւ Ջրի եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարանի ռեկտոր Վիկտոր Մոշինսկիի միջեւ երկկողմ հուշագրի ստորագրմամբ։ Հուշագրերը վերաբերում են AFISHE-ի ձեռքբերումների հիման վրա ակադեմիական հարակայուն ցանցաստեղծմանը եւ հետագա համատեղ կրթական (այդ թվում համատեղ եւ կրկնակի դիպլոմների) հնարավորություններին։
Օրվա ավարտին կայացավ ակվակուլտուրայի եւ ձկնաբուծության վերաբերյալ հարցուպատասխանի նիստ, որը վարում էր ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գլխավոր գիտաշխատող, կենս․ գիտ․ դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը։
Հանդիպումը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 6-ին հիշյալ գիտական կենտրոնում եւ կեզրափակվի նոյեմբերի 7-ին՝ Ագրարային համալսարանում։






























