Ս/թ մայիսի 3-ից 7-ը ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակներում կայացավ հերթական վերապատրաստումը, այս դեպքում՝ ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանության, ինտերակտիվ ուսուցման կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ դեմ-առ-դեմ եւ հեռավար կրթության կազմակերպման վերաբերյալ։ Մասնակիցները Անասնաբուժական բժշկագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսներն էին։
Դասընթացավարը՝ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը, մասնակիցներին ծանոթացրեց ուսանողակենտրոն եւ դասախոսակենտրոն համակարգերին, ինտերակտիվ դասավանդման մեթոդներին, ուսանող-դասախոս հակամարտությունների առաջացման հիմնական պատճառներին, դրանցից խուսափելու հմտություններին։ Քննարկվեցին նաեւ այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին ուսանող-դասախոս հաղորդակցմանը եւ թե ինչպես անել, որ այդ օղակում թե ուսանողները եւ թե դասախոսները կարողանան առավելագույնս արդյունավետ գործել։ Առանձին մեկ օր նախատեսված էր գնահատմանը․ հարց, որը թերեւս ամենաշատն է հուզում սովորողներին եւ համալսարանական միջավայրում հակամարտությունների առաջացման հիմնական պատճառն է։
Դասընթացավարի ստեղծած անմիջական միջավայրում բոլոր մասնակիցները ակտիվորեն հաղորդակից դարձան միմյանց փորձին, որը նման վերապատրաստումների ամենամեծ ձեռբերումներից մեկն է։
Հանդիպման վերջին օրը AbioNet ծրագրի անդամ, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց գիտելիքի տեսողականացման տարատեսակ մեթոդներ, ինչպես նաեւ ցուցադրեց մի քանի առցանց գործիքներ, որոնք հաջողությամբ կիրառվում են առկա եւ հեռավար դասավանդման ընթացքում։
Վերապատրաստումը կազմակերպվել էր ABioNet ծրագրի տեղական համակարգող, Կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանի ջանքերով, որն, ի դեպ, իր բացման խոսքում ներկայացրեց վերոհիշյալ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում կատարված փոփոխություններն ու ձեռքբերումները։ Իսկ դրանք քիչ չեն․ Սննդամթերքի անվտանգության մագիստրոսական կրթական ծրագրի եւ համապատասխան մոդուլների ներդրում, սննդի անվտանգության լաբորատորիա, ուսանողական ստարտափներ եւ այլն։
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀԱԱՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը: Նա իր ելույթում անչափ կարեւոր համարեց թե մշակված կրթական ծրագրի կարեւորությունը, թե այս վերապատրաստման ուղղվածությունն ու արդյունքը։