Չորրորդ տարին է, ինչ ընթանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ABioNet Էրազմուս +ՀԳ2 ծրագիրը: Ծրագրի առանցքային վերջնարդյունքներից է նորարարական սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալսարանի համալրումը՝ մեկնարկած մագիստրոսական ծրագրին համապատասխան: Այս համատեքստում ՀԱԱՀ-ում արձանագրված շոշափելի ձեռքբերումներից են հատկացված սարքավորումների ներկրումն ու փորձարկումը, ինչպես նաև դրա հիման վրա ձևավորված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիան։ «Չափազանց կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան արդի տեխնոլոգիաներով լաբորատորիայի ստեղծումը, զինումը եւ նպատակային օգտագործումը», – ասում է ՀԱԱՀ-ում ABioNet-ի համակարգող Գայանե Մարմարյանը:
Դեկտեմբերի 18-28-ը լաբորատորիայում իրականացվեց վերապատրաստման դասընթաց, որի նպատակն էր ծրագրի շրջանակում ձեռք բերված նորարարական տեխնոլոգիաների հետ աշխատելու, մասնավորապես իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ-ELISA) կատարելու կարողությունների և հմտությունների ձևավորումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային առողջության պահպանման տեսակետից գերակա խնդիրներ են սննդամթերքի որակի վերահսկումը և անվտանգության ապահովումը, ԻՖ հետազոտությունը, որպես սննդամթերքի և հումքի մեջ քիմիական, մանրէբանական ռիսկերը բացահայտելու գերճշգրիտ եղանակ, հնարավորություն է տալիս հումքի եւ սննդամթերքի մեջ հայտնաբերել հորմոններ, հակաբիոտիկներ, թթուներ, ալերգեններ, միկոտոքսիններ, վիրուսներ եւ բակտերիաներ։ ԻՖ հետազոտության շրջանակը ներառում է պարենային ապրանքների փորձաքննությունն ու անվտանգությունը, անասնաբուժությունը, առողջապահությունը։
ՀՀ ՍԱՏՄ լաբորատորիայի մասնագետի վարած վերապատրաստմանը մասնակցում էին Սննդամթերքի անվտանգության մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող և ոլորտին առնչվող ամբիոնների դասախոսական անձնակազմը եւ Սննդամթերքի անվտանգության կրթական ծրագրով ուսումնառող մագիստրանտներ Հեղինե Պապոյանն ու Տարոն Մոսեսյանը։ Նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու՝ վերջիններիս ոգեւորությունը փոխանցվեց ևս երկու մագիստրանտի՝ Ֆիլիպ Հովհաննիսյանին ու Անի Ամիրջանյանին, որոնք նույնպես միացել են ծրագրին։ Ֆիլիպն, օրինակ, իր փորձարարական աշխատանքները կկատարի կաթի, կաթնամթերքի ռիսկերի գնահատման ուղղությամբ՝ կիրառելով Կաթի և կաթնամթերքի լաբորատոր անալիզատորը։
Դոկտ. Մարմարյանը համոզված է, որ արդի, նորագույն սարքավորումներով զինված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիան եւ սպասվող վերապատրաստումները կնպաստեն մագիտրոսական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ մասնագետների թողարկամանը թե´ ազգային և թե´ միջազգային մակարդակում։