Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ինձ անհրաժեշտ էր գտնել առողջարար հաց մայրիկիս համար, որին շաքարային դիաբետ էր ախտորոշվել։ Հացը, որն ինձ անհրաժեշտ էր, չպետք է պարունակեր քիմիական հավելումներ եւ բարելավիչներ։ Պարզեցի, որ այս հացատեսակի պակաս կա, եւ ինքս սկսեցի ուսումնասիրություններ անել եւ նմանօրինակ հաց պատրաստել ընտանիքիս համար։
Ես Տաթեւ Գրիգորյանն եմ։ Ծնվել եմ 1983 թվականին, ունեմ 2 զավակ եւ ապրում եմ Երեւան քաղաքում: Ավարտել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Մասնագիտությամբ գյուղատնտես եմ, սակայն երբեւէ չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Սկզբնական շրջանում տան պայմաններում հաց էի պատրաստում հարազատներիս ու ընկերներիս համար, սակայն գնալով ընդլայնվեց ցանկացողների շրջանակը եւ սկսեցի փոքր քանակությամբ անհատական բաղադրությամբ հացեր վաճառել այն հիմնական հաճախորդներին, որոնք առողջական խնդիրներ ունեին։ Դրանք են՝ դդմի խյուսով, սպանախով եւ մի շարք սերմերերով կամ բանջարեղենային հավելումներով հացերը։ Ներկայում հետաքրքրված եմ նաեւ հայկական ավանդական թթխմորով ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հացի արտադրությամբ:
Զբաղմունքս սկզբում որպես հոբի էի դիտում, սակայն ավելի խոր ուսումնասիրելով հայկական ավանդական թթխմորով հացարարման արվեստը, այն ինձ գրավեց եւ դարձավ կենսակերպ եւ որոշեցի այս ուղղությամբ ձեռք բերել համապատասխան գիտելիք եւ հմտություն: Տեղեկացա «Հմտությունների եւ գիտելիքների զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանում իրականացվող հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության դասընթացի մասին եւ դիմեցի, որ առավել զարգացնեմ տեսական եւ գործնական հմտություններս ու ստանամ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխաննեը:
Ակնկալիքներս արդարացվեցին. դասընթացի հիմնական գրավիչ կողմն այն է, որ հմուտ դասընթացավարների օգնությամբ, ժամանակակից տեխնիկայով վերազինված լաբորատորիայում մենք անձամբ պատրաստում ենք շոկոլադ եւ հացաբուլկեղեն, եւ ինքներս էլ համտեսում ու գնահատում արդյունքները:
Իմ նպատակն էր ունենալ սեփական բիզնես՝ հացի արտադրություն եւ հիմնել Erkanq հացատուն։ Այն որպես կազմակերպություն դեռ գրանցված չէ, սակայն արդեն ունեմ իմ լոգոտիպը։ Հացատունը գործելու է Երեւան քաղաքում, սակայն պլանավորում եմ նաեւ առաքման ծառայություն հարակից մարզեր։ Այն լինելու է ընտանեկան բիզնես, սակայն ընդլայնվելու դեպքում կներգրավենք այլ աշխատակիցների։ Նպատակ ունեմ հիմնել հացի խանութ, որտեղ եւ կարտադրեմ հաց եւ կսպասարկեմ հաճախորդներիս՝ նրանց հրամցնելով թարմ առողջարար հաց եւ անարատ խմորով պատրաստված նախաճաշի տեսակներ։
Դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտություններս այժմ կիրառում եմ իմ բիզնեսում եւ ընդլայնել եմ հաճախորդներիս թիվը, որոնք կարիք ունեն նման անարատ հացերի եւ օգտվում են Erkanq-ի հացատեսակներից։ Իմ կարգախոսն է «Դաշտից սեղան՝ մի ամբողջ պատմություն», քանի որ հացարարման մեջ ամեն ինչ սկսվում է ցորենի դաշտից։
Իմ պատրաստած հացի հումքը՝ ցորենը հավաքվում է Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքի ցորենի դաշտերից։ Ամբողջահատիկ ցորենից ալյուր ենք ստանում ավանդական քարի աղացով, այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ Erkanq-ի հացերը էկոլոգիապես մաքուր են եւ առողջարար:
Ես շնորհակալ եմ իմ հարազատ համալսարանին, որ ինձ եւ շատ ուրիշների համար կարճաժամկետ նպատակային վերաատրաստումների միջոցով ապահովում է մասնագիտանալու եւ սեփական գործ հիմնելու գործում հաջողելու այսպիսի աննախադեպ հնարավորություն։