Այսօր՝ մայիսի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում կայացավ «Վերջին զանգի» արարողություն։ Այն առինքնող էր, ինչպես միշտ եւ յուրահատուկ՝ ինչպես ամեն տարի։ Արարողությունը սկսվեց վարժարանում․ գեղեցիկ ավանդույթի հանգույն, տնօրեն Արաքս Հակոբյանը եւ մանկավարժները շրջեցին բոլոր չորս հոսքերի 12-րդ դասարաններում, ջերմորեն շնորհավորեցին բոլոր 86 շրջանավարտներին ու նրանց ծնողներին։
Այս անգամ տիկին Հակոբյանն ընտրել էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» նշանաբանը։ «Այս բանաձեւից է սկսվել հայերիս հոգեւոր վերելքը։ Անսացեք մեծախորհուրդ այս պատգամին, դժվարությունները ուրախությամբ ու կորովով ընդունեք՝ դրանք ձեզ մղելու են շարունակաբար կրթվելու, աշխատելու, արարելու եւ առաջ գնալու հանուն ձեր հայրենիքի ու ծնողների»։ Վարժարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ միասին անցած ճանապարհի եւ այսօրվա կարեւոր հանգրվանին հասնելու համար։ Շրջանավարտներին ուղղած մաղթանքներից մեկն էլ այն էր, որ հետագա մասնագիտական առաջընթացի ու երազանքների իրականացման ճանապարհին հանդիպեն «ճիշտ» մեծերի։
Վարժարանի ուսուցիչների լավագույն գնահատականը հնչում էր դասարաններում․ այն գալիս էր աշակերտների սրտից եւ ավարտվում «մենք ձեզ սիրում ենք» ապրեցնող խոսքով։ Քաջատեղյակ լինելով մեր մանկավարժների կատարած մեծ, կարեւոր, դժվարին ամենօրյա աշխատանքի մասին, Ագրարային համալսարանում բոլորս ենք հասկանում՝ ինչ անգնահատելի արժեք ունեն այս խոսքերը։
«Վերջին զանգի» ավարտական արարը համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում էր, որտեղ շրջանավարտներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ Ռեկտոր Զաքոյանը մասնավորապես ասաց․ «Վերջին զանգը պատանեկության եւ երիտասարդության սահմանագիծը հատելու փուլն է եւ սկիզբը հասուն կյանքի, որն ամբողջանում է բազմաթիվ բարիքների ակունքը հանդիսացող շարունակական կրթությամբ, ինչպես նաեւ ձեր հարաբերություններով, հասարակության, պետության ու երկրի համար պատասխանատվություն կրելու, պատվով ապրելու ձեր հաստատակամությամբ»։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց վարժարանի մանկավարժներին, որոնք մեծ ներդրում պահանջող, բայցեւ պատվաբեր աշխատանք են կատարում, աշխատանք, որը «եղել է, կա եւ մնալու է հասարակության մեջ ամենահարգված եւ ամենամեծ ուշադրության արժանի մասնագիտություններից մեկը»։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաեւ ծնողներին՝ Ագրարայինի վարժարանին վստահելու համար։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին եւ հաջողություն մաղթեց՝ արդեն հասուն կյանքում, որի սկիզբը դրվեց «բոլորիս համար այս հուզումնառատ եւ պատասխանատու պահին»։ Պարոն Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վարժարանի ուսուցիչներին՝ իրենց պատասխանատու առաքելությանը անմնացորդ նվիրվելու համար։ «Վստահ եմ՝ շրջանավարտների հերթական փաղանգը համալրելու է մեր երկրի արժանապատիվ քաղաքացիների շարքը՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը։ Հուսով եմ, որ առաջիկայում վարժարանի շրջանավարտներից շատերին կտեսնենք արդեն Ագրարային համալսարանի ուսանողի կարգավիճակում», – ասաց պրոռեկտոր Թովմասյանը։
Ի դեպ, շրջանավարտների կեսից ավելին մտադիր է ուսումը շարունակել Ագրարային համալսարանում։













































