Մրցում էին «գիտելիքի սիրահարները»․ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում ուսանողական կյանքը բուռն է եւ հետաքրքիր

Շատերը կհամաձայնեն, որ քոլեջում ներքին կյանքը նկատելիորեն փոխվել է ուսխորհրդի նոր կազմի ընտրությունից հետո: Բոլոր հանձնաժողովները սկսել են աշխատել համատեղ-արդյունավետ-փոխլրացմամբ: Վերջին ամսվա ընթացքում նրանք մի քանի միջոցառումներ իրականացրին, եւ ակնհայտ էին երիտասարդների կազմակերպչական ունակությունները, ուսանողական միջավայրը ավելի հետաքրքիր ու ստեղծագործ դարձնելու ձգտումը (մի կարեւոր հանգամանք էլ՝ նրանք միջոցառումները կարճ են անում, առանց հոգնեցնել-ձանձրացնելու):

Երեկ՝ մայիսի 18-ին, քոլեջի չորս թիմ ընդունել էր «մտքի մարտահրավեր» եւ գիտելիքի-տրամաբանության-թիմային աշխատանքի-հումորի «քառամիասնական ուժի» դրսեւորման ականատեսը եղանք: Իբրեւ առաջին փորձ, անշուշտ նախաձեռնությունը հաջողված էր, եւ համոզված ենք, որ ամեն հաջորդին, տեխնիկական փոքրիկ բացթողումներ չեն լինի այլեւս:

Քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, որ միշտ հայրաբար, ծնողի ոգեւորությամբ-անթաքույց հպարտությամբ է հետեւում իր սաների աշխատանքին, ամփոփելով քաջալերեց.

– Շնորհակալ եմ նման խաղ առաջին անգամ կազմակերպելու համար: Հարցերը լավն էին, հետաքրքիր, ճանաչողական: Ապրեք: Ես ձեզ շատ եմ սիրում եւ ձեզ համար եմ աշխատում:

Ուսխորհրդի նախագահ Մանե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց եւ նկատեց, թե ՈՒԽ բոլոր հանձնաժողովները աշխատել էին, որ նախաձեռնությունը հաջողությամբ իրականանա:

Ավարտին, բոլորին մասնակցության հավաստագրեր, հաղթողներին՝ պատվոգրեր շնորհվեցին: