Ռեկտորատի հերթական նիստը կայացավ մարտի 11-ին` ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Վճարովի համակարգում սովորող` վարձավճարների զեղչերից օգտվելու համար «առաջադրված» ուսանողների վերաբերյալ դեկանների զեկուցումներից հետո, ռեկտորի առաջարկով որոշվեց նախագիծ պատրաստել եւ ռեկտորատի հաջորդ նիստում որոշում կայացնել՝ հաշվի առնելով առանցքային մի քանի հանգամանք, այդ թվում՝ ուսանողի ՄՈԳ-ը եւ սոցիալական-ընտանեկան իրավիճակը։
ՀԱԱՀ Վանաձորի, Շիրակի եւ Սիսիանի մասնաճյուղերում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ռեկտոր Զաքոյանը նշեց, որ կրթության որակը պետք է դրականորեն տարբերվի նախորդ տարիներին եղածից։ Մասնաճյուղերում ստեղծված նորարարական ենթակառույցները պետք է ոչ միայն պարզապես օգտագործվեն ուսումնական գործընթացի նպատակներով, այլեւ կոնկրետ օգուտ ստանան։ «Պետք է ունենանք այն հարցի պատասխանը, թե ստեղծված ենթակառույցների գործունեության մեջ ինչ դրական տեղաշարժի է հանգեցրել ուսանողի եւ ղեկավարի ծախսած ժամանակը։ Անշուշտ, միայն մասնաճյուղերի ունեցած հնարավորությունները չէ, որ պիտի օգտագործենք․ առհասարակ բարիք ստեղծելու մտածելակերպն ու ձգտումը իր կարեւոր տեղը պետք է ունենա մեր ուսանողի արժեհամակարգում», – ասաց պարոն Զաքոյանը։
Քոլեջի, առկա ուսուցման բակալավրիատի, մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների/մագիստրոսական թեզերի կատարման ընթացքի եւ խնդիրների մասին հարցի քննարկման ժամանակ ռեկտորի մոտեցումը նույնն էր՝ ինչ է արվել-արվում նախորդ տարիների համեմատ դրական փոփոխությունների հասնելու ուղղությամբ, ձեռնարկված քայլերն ինչպես են նպաստելու որակի բարելավմանը։ Ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից եւ հաջորդող քննարկումներից ակնհայտ դարձավ․ թեմաների հրատապության հարցում իրենք՝ ուսանողներն են շահագրգիռ, համալսարանի գիտական կենտրոնների ու ուսումնափորձնական տնտեսությունների լայն հնարավորությունների օգտագործման գործընթացը կարծես նոր փուլ է մտնում․ որակի բարձրացման նպատակին են ծառայում ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի շարունակական բարեփոխումները, ուժեղանում է թեմաների կիրառական-հետազոտական բաղադրիչը եւ այլն։
Ռեկտոր Զաքոյանը բարձրաձայնեց այս առումով իր ակնկալիքը՝ դիպլոմային աշխատանքների/թեզերի պաշտպանություններից հետո ֆակուլտետներից առաջարկություններ ստանալ համալսարանի ՈՒՓՏ-ների գործունեության բարելավման ուղղությամբ․ «Համալսարանի տնտեսություններին օգուտ տալու գործելակերպի սերմանումը ինքնանպատակ չէ․ ուսանողներին այս հունի մեջ դնելը կնպաստի, որ օգտակար աշխատանք անելը նրանց համար դառնա առհասարակ ամբողջ մասնագիտական կյանքի ուղենիշ»։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը արձանագրեց ավարտական աշխատանքների թեմատիկայի լավարկման եւ դրանց կիրառահետազոտական ուղղվածության ուժեղացման փաստը։ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, հայտնելով ամբիոնների հետ համագործակցությունից իր գոհունակությունը, արձանագրեց որակի առումով ակնհայտ առաջընթացը, հատկապես՝ կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք մասնագիտացումների ուղղությամբ, որոնք, ի դեպ, նորամուծություն են։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց՝ ի տարբերություն նախորդ տարիների տնայնագործական գործելակերպի, ուսանողներն իրենց բիզնես պլաններն իրականացնում են արտադրական ձեռնարկություններում։ Այս տարվա ավարտական աշխատանքների բարելավված որակի մասին հավաստիացրեց նաեւ Տեխնոլոգիականի դեկան Սմբատ Դավեյանը, ընդ որում գրախոսությունների որակին առնչվող «ավանդական» մտահոգություններն էլ այս տարի կարծես նվազելու են։ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանն էլ առաջարկեց, որ տնտեսագետ ուսանողներն իրենց բիզնես պլանները գրեն տեխնոլոգների թեմաների շրջանակում։
Ընթացիկ հարցերի շրջանակում մասնավորապես քննարկվեց պետության սահմանած կրթաթոշակների հարցը։ Շատ կարեւոր է, որ, ինչպես նկատեց ռեկտոր Զաքոյանը, «երբեւէ ստվեր չգցենք մեզ համար շատ կարեւոր այս արտոնության վրա»։ Այս հարցում, ընդհանուր առմամբ, մտահոգությունների առիթ չկա․ արտոնությունից օգտվող ուսանողներից նրանք, որոնք ապահովել են 80-ից բարձր ՄՈԳ՝ շարունակում են ստանալ ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90-ից բարձր ապահովածները՝ տասը տոկոսով ավելի։























