-Ափսոս, որ ուսման ժամանակահատվածը կարճ է:
Արթուր Խեբոյանն է՝ Ճշգրիտ գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագրի ուսումնառողներից: Բակալավրի եւ մագիստրոսի աստիճաններ ստացել է հեռավոր 2010-ին: Ֆինանսիստ է, իր հացը վաստակելու կայուն ճանապարհով: Սակայն…
2019-ին դպրոցահասակ որդուն տարել էր կրթական հեռանկար-հնարավորությունների մասին պատմող էքսպո, հուսալով, որ կխանդավառվի երեխան: Ագրարայինի տաղավարում հայր եւ որդի ծանոթացել-տեղեկացել են գյուղոլորտում դրոնների ու ՏՏ ժամանակակից միջոցների կիրառության մասին եւ… հայրն է որոշել՝ դարձյալ սովորել է ուզում: Հիմա համոզված է, նոր գիտելիքները կօգնեն, որ Շիրակում մասրենիների արտադրություն հիմնի, հետո բերքը վերամշակելու՝ հյութերի, մուրաբաների պատրաստման տեսլական ունի:
Բայց մինչ այդ ծրագրերն իրագործելը սովորում է, եւ լավ է սովորում: Ու ՄՈԳ-ի հաշվարկներով արդեն գերազանցության թոշակ է ստանում:
Կա՞ արդյոք երեխաների դաստիարակության ավելի լավ-ուղիղ ճանապարհ, քան սեփական օրինակն է: Արթուրի դպրոցական երեխաներն այսօր մեծանում են այս օրինակով:
Ասում են սառնաղբյուրցիները մի կարեւոր հատկանիշ ունեն՝ քննադատում են, բոլորի աշխատանքի արդյունքի մեջ թերություն կարողանում են գտնել: Ու որպեսզի դիմացինն էլ «հակահարվածի» հնարավորություն չունենա` իսպառ բացառվի, պետք է անթերի աշխատեն: Արթուր Խեբոյանը Սառնաղբյուրից է, ուրեմն կարող ենք հուսալ. ՀՀ կառավարության՝ ոլորտի կարեւորությունը ընդգծող կրթաթոշակների արդյունքը շոշափելի կլինի տեսանելի ապագայում, գործնականում:



