Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ՀԱԱՀ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի նորանշանակ ղեկավար Էթերի Ստեփանյանը կազմակերպել էր ճանաչողական հանդիպում ծրագրի շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում ուսումն ավարտած երկու, այս տարվա մրցույթը հաղթահարած եւ Գերմանիա մեկնել պատրաստվող հինգ եւ հաջորդ պոտենցիալ փաղանգը կազմելու թեկնածու 3-րդ կուրսի մի շարք ուսանողների միջեւ։ Ինչու երրորդկուրսեցիներ՝ բացատրեցին տիկին Ստեփանյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուտետի դեկանի պաշտոնակատար Հրաչյա Գրիգորյանը․ ուսանողները բավարար ժամանակ կունենան գերմաներենի անհրաժեշտ իմացություն ձեռք բերելու համար։
Նախ Էթերի Ստեփանյանը ներկա ուսանողների համար բացահայտեց մագիստրոսական ծրագիրը, որի շրջանավարտները ստանում են կրկնակի դիպլոմ՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանների։ Դիմել կարող են ՀԱԱՀ բակալավրիատը կամ մագիստրատուրան ավարտածները։ Ուսման ընդհանուր տեւողությունը 2 տարի է, ներառյալ 6 ամիս փորձուսուցումը եւ 1,5 տարի տեսական դասընթացը։ Ընդունվելու համար պահանջվում է գերմաներենի B1 մակարդակ։ Ուսման վարձը փոխհատուցում է ծրագիրը։
Գերմանիայից վերադարձած եւ կրկնակի դիպլոմ ստացած Գոհարն ու Հասմիկը ներկայացրեցին փորձուսուցման եւ ուսումնառության իրենց փորձը, որ եղել է շատ հագեցած։ Նրանք հայտնվել են մի միջավայրում, որտեղ գնահատվում է նպատակասլաց աշխատանքը, գիտելիքը, ստեղծարարությունն ու նվիրվածությունը ընտրած մասնագիտությանը։ Առաջին վեց ամիսն ապրելով գերմանացի ընտանիքում՝ ոչ միայն լեզվի իմացությունն են կատարելագործել, այլ ընդունել-յուրացրել ու հարգել են այդ ժողովրդի մշակույթն առհասարակ եւ կանցաղային մշակույթը մասնավորապես։
Ծրագրի շրջանավարտները թվարկեցին ծրագրի առավելությունները՝ որակյալ կրթությունը, միջազգային փորձառությունը, կրկնակի դիպլոմը, կես տարի տրվող կրթաթոշակն ու հետագայում այլ կրթաթոշակների համար դիմելու լայն հնարավորությունը, ուսումնառության ընթացքում ձեռք բերած նոր ընկերներն ու միջազգային կապերը, որպես սեփական երկրի ու մշակույթի դեսպան հանդես գալու հնարավորությունը եւ այլն։
Հաջորդ խմբի ձեւավորման առաջին քայլն արված է․ երրորդ կուրսի ուսանողները ծանոթացան ծրագրին, ինչպես նաեւ գերմաներենի դասախոս Անուշ Կարապետյանի հետ արդեն պայմանավորվեցին առաջիկա պարապմունքների օրերի ու ժամերի մասին։
Ծրագրի ղեկավար Էթերի Ստեփանյանը, որ նույն ծրագրի՝ 2000-ականների սկզբի առաջին շրջանավարտներից է եղել, շնորհակալություն հայտնեց գիտելիքի ու փորձի մեծ պաշարով ու նոր գաղափարներով հայրենիք վերադարձած շրջանավարտներին եւ ջերմ մաղթանքներով ու ըստ ամենայնի օժանդակելու պատրաստկամությամբ բարի ճանապարհ մաղթեց «նորակոչիկներին»։ Նա այսպես ամփոփեց հետաքրքիր ու օգտաշատ հանդիպումը․ «Մենք միասին լծվել ենք հայրենիքը շենացնելու կարեւոր գործին, իսկ երկրի տնտեսությունը կարելի է զարգացնել միայն արդիական գործնական գիտելիքներով, հմտություններով ու փորձով․ ձգտեք միշտ առաջամարտիկ լինել ձեր գործում ամեն բնագավառում՝ փորձուսուցման, ուսումնառության եւ աշխատանքի մեջ։ Բարի ճանապարհ եւ բարի վերադարձ»։























