Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Գերմանիայի Անհալթի կիրառական գիտությունների համալսարանի եւ Ռումինիայի օրգանական երկրագործության ընկերակցության համատեղ պատվիրակությանը՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի համակարգող Մարիամ Վարդանյանի ուղեկցությամբ։ Ագրարային համալսարան այցը մեր գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հետ պլանավորված էր փառատոնի շրջանակում։ Բուն փառատոնը՝ այս տարի՝ 11-րդը, հերթական անգամ մեծ հաջողություն գրանցեց։
Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԱՀ պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը, դեկանները, գիտական ու միջազգային մի քանի ծրագրերի պատասխանատուներ։ Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ջերմորեն ողջունեց հյուրերին եւ նշեց, որ 95-ամյա պատմության ընթացքում ավելի քան 50 հազար շրջանավարտ տված բուհը այսօր էլ Հայաստանում միակն է, որ մասնագետներ է պատրաստում ագրոպարենային ոլորտի համար։ Ամենայն պատասխանատվությամբ կատարելով այս պատվավոր առաքելությունը, Ագրարային համալսարանն անընդհատ փորձում է քայլել ժամանակին համընթաց՝ մեծ տեղ հատկացնելով նորարար մոտեցումներին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքին՝ նշեց պարոն Զաքոյանը։
Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հակիրճ նեկայացրեց մեր համալսարանի պատմությունը, ագրոտեխնոլոգիական ուղղվածությամբ առաջընթացը, միջազգային կրթական ծրագրերը։ Ագրոնոմիականի դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանը ներկայացրեց արդեն երկու շրջանավարտ կուրս ունեցած Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրը, դրա դերը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման գորխում, Վիեննայի BOKU համալսարանի հետ իրականացված ծրագրերը, ՀԱԱՀ Ակունքի օրգանական գյուղատնտեսության կենտրոնը։
Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ միջազգային գիտական կապերի գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեցին համագործակցություն ծավալել մի շարք ուղղություններով՝ սկսած շարժունությունից ու ամառային դպրոցներից մինչեւ կրկնակի աստիճանաշնորհում։
Մեր գործընկերները ներկայացրեցին Անհալթի համալսարանը, որ Գերմանիայում եւ Եւրոպայում լավագույններից է կիրառական գիտությունների համալսարանների շարքում։ Այստեղ սովորող 7500 ուսանողից 2400-ը արտերկրից է։
Փոխադարձ շահագրգիռ պատրաստակամություն հնչեց նաեւ հյուրերի կողմից, եւ առաջիկայում գործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Այցի ավարտին Լուսինե Մնացականյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայցով ծանոթացան ՀԱԱՀ պատմության թանգարանին, նորարարական լաբորատորիաներից մի քանիսին։