Գիտխորհրդի նիստ․ առաջընթաց ունենք, բայց անելիքներն ավելի շատ են․ Հրաչյա Զաքոյան

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, կայացավ գիտխորհրդի այս տարվա վերջին նիստը: ՀԱԱՀ ռազմավարական պլանը եւ գործողությունների ժամանակացույցը  ներկայացրեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների հարցերի գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Նա հենց սկզբից շեշտեց, որ ըստ էության 2018-ից է մեկնարկել գործընթացը, երբ ընդգրկուն կերպով վերանայվեցին կրթական ծրագրերը, որոնք միտված են հարակայուն զարգացմանը: Ընդ սմին, համապատասխան ստորաբաժանումները հնարավորություն ունեն կրթական ծրագրերը պարբերաբար վերանայել-լավարկելու: Այս տարիների ընթացքում ներդրվել են դուալ կրթության, աշխատանքային կիսամյակի կարգերը, բարձրացվել է փորձուսուցումների արդյունավետությունը: Բուհը դարձել է ուսանողակենտրոն:

Ֆակուլտետներին կից ստեղծվել են արդյունաբերական խորհուրդներ, իսկ դա նշանակում է, որ գործատուն բուհի կողքին է, եւ հուսանք այդպես կլինի միշտ: Սա կրթություն – գիտություն – արտադրություն անքակտելի կապի առհավատչյան է:

Սյունիքում եւ Տավուշում բացված ագրոդասարանները մասնագիտական կողմնորոշման, բուհը ոլորտի կարեւորությունը գիտակցող երիտասարդներով համալրելու ճշմարիտ ճանապարհն է:

Դրական արդյունքներ ունենք միջազգային վարկանշավորման տարբեր համակարգում: Այսպես, 1963 բուհերի շարքում մենք 1501-րդ տեղում ենք, իսկ «Ոչ սովին» անվանակարգով բաժանում ենք 400-600-րդ հորիզոնականները: Աշխատանքի տեղավորման ցուցանիշով 100 հնարավորից ունենք 98 միավոր: Բարձր հղում ունեցող գիտական հանդեսներում էապես մեծացել է մեր աշխատակիցների հոդվածների թիվը: Շարունակաբար ընդլայնվում են արտերկրի բուհերի հետ կապերն ու համատեղ իրականացվող ծրագրերի ոլորտները:

Ամփոփելով օրակարգի առաջին ընդգրկուն հարցի քննարկումը, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նշեց, որ առաջընթացն ակնհայտ է, բայց անելիքներն ավելի շատ են:

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների՝ 2024 թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկման ժամանակ գիտխորհուրդը լսեց Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անդրեաս Մելիքյանի, Ոսկեհատի խաղողագինեգործության ԳԿ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանի, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ԳԿ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի, Գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման եւ ավտոմոբիլային փոխադրումների ԳՀԻ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի, նույն ինստիտուտի Ավտոմոբիլային փոխադրումների բաժնի վարիչ Արման Սիմոնյանի խիստ բովանդակային հաշվետվությունները:

Ավարտին մոտեցող տարվա ողջ ընթացքում մեր բուհի ուսանողները փայլուն են հանդես եկել միջբուհական ուսանողական խաղերի, մրցաշարերի ընթացքում եւ անգամ հիշվող հաղթանակներ են տարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի՝ ըստ էության պրոֆոսիոնալների նկատմամբ: Եւ սա պատեհ պահ էր, որ ուսանողները եւ դասախոս Արսեն Բեգլարյանը արժանանան խրախուսանքի: