Ուսանողների միջազգային օրվա նախօրեին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Սարոյանի նախաձեռնությամբ երկրորդ մասնաշենքի «Կանաչ» ընթերցասրահում ի մի էին եկել ամենա-ամենաները: Նոյեմբերի 17-ն այս տարի կիրակի է, ուստի որոշել էին մի փոքրիկ տոն ստեղծել կանխավ:
Տիկին Սարոյանը ուսանողների հետ հետեւողականորեն աշխատելու լավ փորձ եւ անուրանալի ձիրք ունի եւ շատ լավ գիտե, որ երիտասարդներին միշտ սատարելու, քաջալերելու անհրաժեշտություն կա: Նա տնօրենության անունից շնորհակալագրեր հանձնեց երեք անվանակարգերով՝ արժանիորեն ամենամոտիվացված ճանաչվեց Էլենը։ Արշակը, Գարեգինը եւ Դավիթը անվիճելիորեն ամենամոտիվացնողներն են: Իսկ ամենակազմակերպված կուրս ճանաչվեց ԱԲ-4-ը եւ շնորհակալագիրը շնորհվեց կուրսղեկին՝ Լիլիթ Մանուկյանին:
Երիտասարդության տարիները երազանքների, մեծ նպատակակետեր նախանշելու եւ դրանց ձգտելու ժամանակն է: Միայն աշխատել, ջանք թափել է պետք: Մեր ամենամոտիվացնող երեք ուսանողները բոլորի երազանքների ժապավեններով կապված փուչիկներ օդ բարձրացրին:
Ներկաները համոզված էին, որ հատկապես Արշակի, Գարիկի ու Դավթի միահամուռ ձայնը ավելի լսելի ու հասանելի կլինի Աստծուն… Թող այդպես լինի:
Շնորհավոր ձեր տոնը՝ սիրելի Ագրարայինի սիրելի ուսանողներ: