Լավ դասախոսը անգնահատելի դեր ունի իր սաների ճակատագրում: Իսկ դասագրքեր ստեղծող լավ դասախոսը ավելի մեծ թվով մարդկանց կյանքում կարող է անջնջելի (բնականաբար՝ միայն լավ իմաստով) հետք թողնել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ լույս է տեսել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» երկհատորյակը բուհ ընդունվողների համար, համապատասխանաբար՝ «Ընդհանուր քիմիայի հիմունքները» եւ «Անօրգանական եւ օրգանական քիմիա» պրակներով: Դասագրքերը տեսական նյութից բացի խնդիրներ եւ վարժություններ են պարունակում, որոնք ավելի կհեշտացնեն յուրացնելու գործընթացը:
Որեւէ դասագրքի ստեղծում շնորհակալ գործ է, բայց այս դեպքում՝ հատկապես, այն պարզ պատճառով, որ քիմիան մեր հանրակրթության աքիլեսյան գարշապարներից է եւ պատանիները դժվարությամբ են սովորում առարկան: Կարծում ենք, այսուհետ ավելի դյուրին-մատչելի եւ հաճելի կդառնա սովորելը: