Ագրարային համալսարանի վնասատուների ցածրարժեք մտքերի փոխանցման միջոց yerkir.am-ի վերջին «հոդվածներից» մեկը վերնագրված է՝ «Նոր օրենքով Ագրարային համալսարանն այլեւս չի լինի» (նախկինում այդպիսի միջոցները բավարարվում էին Ագրարայինի մասնաճյուղի կամ ֆակուլտետի փակման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով)։
Վեց ոչ լիարժեք տողից բաղկացած «հոդվածը» եզրափակվում է հետեւյալ մտքով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի համար ռազմավարական նշանակության բուհը՝ ագրարային համալսարանը, իր ղեկավարության «աննախադեպ» բարեփոխումների արդյունքում, արձանագրել է ընդունելության ռեկորդային խայտառակ ցուցանիշներ, այլեւս չի գործի»:
Վնասատուների հոգեւարք հիշեցնող ցայտնոտախուճապային տվայտանքները կարելի է հասկանալ՝ Ագրարային համալսարանի 2024 – 2025 ուսումնական տարվա ընդունելության ցուցանիշների շեշտակի բարելավման համատեքստում։ Առաջիկայում այդ ցուցանիշները կամփոփվեն եւ թվերը կխոսեն՝ նույնիսկ yerkir.am-ի պատվիրատուներին հասկանալի լեզվով, եւ սրանց գործելու՝ «որքան Ագրարային համալսարանին վատ, այնքան իրենց լավ» սկզբունքը չի կարող թվաբանական պարզագույն իրողությունները նենգափոխել։
Հավանաբար, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած որոշ դրույթներ ոչ պատշաճ ընկալելու կամ, որ ավելի հավանական է, դրանք միտումնավոր նենգափոխելու միջոցով փորձ է արվում Ագրարային համալսարանին հերթական վնասը հասցնել։
Որ օրենքի նախագիծը դեռ օրենք չէ, պետք է որ հասկանալի լինի նաեւ yerkir.am-ին եւ իր պատվիրատու՝ Ագրարայինի վնասատուներին եւ, եթե օրենքի նախագծում կան մտահոգիչ կամ բարելավման ենթակա դրույթներ, ապա այս փուլում օրենքի նախագիծը շրջանառած պետական մարմնին դրանց վերաբերյալ հիմնավորված նկատառումներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռված, որից օգտվել են նաեւ Ագրարային համալսարանի աշխատակիցները։
Ի դեպ, օրենքի նախագծում 4000-ից ոչ պակաս ուսանողի մասին դրույթը վերաբերում է բուհին լիցենզիա տրամադրելու համար անհրաժեշտ նախապայմաններին՝ ուսումնական տարածքների, համապատասխան ակադեմիական անձնակազմի եւ այլ ենթակառուցվածքների առկայությանը, որոնց հետ կապված Ագրարային համալսարանը մտահոգվելու առիթ չունի։
Տպավորությունն այն է, որ այս շրջանում, երբ բուհերի հաջորդ տարվա դիմորդները կողմորոշվելու եւ կրկնուսույցների հետ պարապմունքներ սկսելու նախաշեմին են, իսկ Ագրարային համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի 14 կրթական ծրագրերով 1-ին կուրս ընդունվողների համար ՀՀ կառավարությունը սահմանել է 70 հազ․ դրամ ամսական կրթաթոշակ՝ սույն «լրատվամիջոցի» օգնությամբ, ապատեղեկատվություն տարածելով, փորձ է արվում նվազեցնել եկող տարի Ագրարային համալսարանի դիմորդների թիվը։
Սակայն իրողությունն այն է, որ Ագրարային համալսարանում ընդունվածների թիվը ընթացիկ տարում էապես ավելացել է եւ հաջորդ տարիներին այդ միտումը պահպանելու համար լուրջ նախադրյալներ են ստեղծվել, այսինքն՝ Ագրարայինը բարձրանում է, որը նշանակում է, որ yerkir.am-ի պատվիրատուներն ու պատասխանատուները դեռ իջնելու տեղ ունեն։