Որոշ լրատվամիջոցներ, հղում տալով «Հրապարակ» թերթի դեկտեմբերի 1-ի «Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ» վերնագրով հոդվածին (https://hraparak.am/post/6811bd5d1cce093503af335a749f0db6), տեղեկություն են տարածել այն մասին, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի հրապարակած տեղեկության համաձայն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր է ներկայացրել համալսարանի նախկին ուսանողների դեմ, որոնք երկրորդ կիսամյակի վարձը չվճարելու պատճառով դուրս են մնացել։
«Առաջին հայացքից» պարզ իրավական գործընթացը «Հրապարակը» փորձում է դիտարկել բարոյական, ուսանողների զգալի մասի ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի տեսակետից, նշելով, որ դուրս մնացած 260 նախկին ուսանողների մեջ կան նաեւ 44-օրյա պատերազմի մասնակիցներ:
Մատուցված կրթական ծառայության դիմաց պետք է վճարել, եւ դատական կարգով ուսանողների ֆինանսական պարտավորությունների կատարման հարկադրումը բնականոն գործընթաց է բոլոր համալսարանների համար։
Ագրարայինի դեպքում ինչու է հանկարծ այս օրինաչափ, սովորական գործընթացը տեղափոխվում բարոյական հարթություն՝ այս «հույժ խորհրդավոր գաղտնիքը» հայտնի է միայն «Հրապարակին»։ Բայց քանի որ այդպիսի փորձ է արվում, խոսենք հենց բարոյական կողմի մասին։
Ագրարային համալսարանն իր գործընկերների ու բարերարների աջակցության շնորհիվ բազմաթիվ ուսանողների տրամադրել է կրթաթոշակներ՝ փոխհատուցելով ուսման վարձը։ «Հրապարակը» հերթական անգամ փորձ է անում վարկաբեկել Ագրարային համալսարանը՝ ինչպես միշտ՝ սնանկ, այս անգամ՝ «բարոյական» հիմնավորմամբ։
Բարոյական եւ պրոֆեսիոնալ մոտեցումը կլիներ պատշաճ կերպով համալսարանից նախ տեղեկանալ գործընթացի մասին եւ ապա գնահատականներ տալ։ Այդ պարագայում «Հրապարակի» եւ լուրը տարածող մյուս պարբերականների ընթերցողները կիմանային բազմաթիվ կրթաթոշակային ծրագրերի մասին, կիմանային նաեւ, որ բառացիորեն այդ բոլորը հնարավոր են դարձել հենց ռեկտորի ջանքերի շնորհիվ։ Այդ ծրագրերից օգտվում են բազմաթիվ ուսանողներ, որոնց թվում քիչ չեն հենց պատերազմի մասնակիցները։
- 01/12/2023
- 2023