Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման եւս մեկ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներում։
Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում էր պրոֆեսոր Պաուլինա Նիեդզեդզկան, որը միաժամանակ տնօրինում է համալսարանի դոկտորական դպրոցը։ Հաճելի անակնկալ էր, երբ այցի ժամանակ համալսարանի Կենսաբանության ինստիտուտի բոլոր ամբիոններում հանդիպեցի իմ դասախոսությունների թեմատիկ ժամանակացույցի հայտարարությունը։ Թեեւ արդեն մեկնարկել էր քննաշրջանը, որն այդ համալսարանում իրականացվում է գրավոր քննության մեխանիզմով, այդուհանդերձ դասախոսությունները կազմակերպվեցին հաջողությամբ՝ ունկնդիրները Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա կրթական ծրագրերում ուսումնառող բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն ու ասպիրանտներն էին։ Գործընկերներս ցավով էին փաստում, որ Շչեցինում բնագիտություններով հետաքրքրվողները սակավաթիվ են, փոխարենը առավել պահանջված մասնագիտություններն են տնտեսագիտությունը, իրավագիտությունը եւ բժշկությունը։ Այդ առումով համալսարանը քայլեր է ձեռնարկում բնական գիտությունների կարեւորությունը շեշտադրելու՝ կիրառական ոլորտում ծառայելու հնարավորությունները ներկայացնելու եւ առավել գրավիչ դարձնելու առումով։
Կենսաբանների համար առավել թիրախային եւ հետաքրքրական էր «Օրգանիզմի մոլեկուլային դիզայնը» թեմայով դասախոսությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռախոսն ուսանողների «սիրելի աքսեսուարներից է», հարցիս՝ արդյոք բոլորն ունե՞ն հեռախոս, մասնակիցները ոգեւորությամբ եւ փոքր-ինչ զարմանքով դրական արձագանքեցին։ Որպեսզի հարցադրումս պարզ լինի, խնդրեցի առավել ուշադիր լինել, քանի որ ավարտին նախատեսվում է խաղի վրա հիմնված էլեկտրոնային միկրոուսումնառության գործիքի կիրառումը, որը ստուգում է ունկնդրի ուշադրության եւ ընկալման աստիճանը։ Խոսքը գնում է Socrative գործիքի մասին, որն ունի առանձին հարթակներ՝ նախատեսված դասախոսի եւ ուսանողի համար։ Նախապես յուրաքանչյուր դասախոսության համար կազմել էի էլեկտրոնային խաղը, որին մասնակցելու համար ուսանողները մուտք են գործում դասախոսի սենյակ, ստանում համապատասխան խաղային հարցադրումներ, պատասխանում եւ տեղում՝ հետադարձ կապի միջոցով ստանում ճշգրիտ պատասխանը։ Խաղի ավարտին դասախոսն իր հարթակով ցուցադրում է յուրաքանչյուրի վաստակած միավորները։ Կարո՞ղ է արդյոք ընթերցողը պատկերացնել ուսանողների ոգեւորությունը խաղին մասնակցելու, ճշգրիտ պատասխանները քննարկելու եւ ամփոփ միավորները ստանալու ողջ ընթացքում։ Գործընկերներս, վկա լինելով ոգեւորությանը, հետաքրքրվեցին գործիքի կիրառման մեխանիզմով՝ իրենց դասընթացներին կիրառելու նպատակով։ Ի դեպ, այս փորձին ես հաղորդակից էի դարձել դասավանդման հերթական այցի ժամանակ, Շոտլանդիայի Արեւմտյան համալսարանի գործընկերներից։
Ուշագրավ է, որ Էրազմուսի շրջանակում դասավանդումն ինձ համար փոխուսուցման լայն հնարավորություն է ոչ միայն անգլերենով դասավանդելու կարողությունները զարգացնելու, այլեւ համատեղ հետագա հետազոտություններ կատարելու եւ համագործակցության նոր եզրեր ուրվագծելու նպատակով։ Այդ առումով, երախտապարտ եմ ՀԱԱՀ եւ Շեցինի համալսարանի համագործակցությունն իրականացնող ստորաբաժանման՝ Միջազգային կապերի դեպարտամենտի գործընկերներին թե´ հնարավորություն ընձեռելու եւ թե շարժունության բոլոր մանրամասները հաշվի առնելու եւ այն պատշաճ կազմակերպելու համար։
Գայանե Մարմարյան
Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․
- 06/07/2023
- 2023