«Մեկ օր Ագրարայինում» նախագծի շրջանակում այսօր՝ մարտի 17-ին, համալսարանը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի դպրոցականներին, որոնց միացան նաեւ ՀԱԱՀ վարժարանի սաները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նոր ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին:
Ագրարային համալսարանի վերաբերյալ տեսական տեղեկատվություն ստանալուց հետո պատանիները եղան ՀԱԱՀ ջերմատանը, Գինեդարանում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների, Գարեջրագործության եւ խմորման լաբորատորիաներում, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, որտեղ ստեղծված են բուհում ստացած մասնագիտական տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ ագրարային ոլորտի մասնագետ դառնալու համար անհարժեշտ հմտություններ զարգացնելու բոլոր հնարավորությունները: Տեղում նրանք մասնակցեցին վարպետաց դասերի, ծանոթացան գյուղատնտեսական դրոններ վարելու սկզբունքներին, մասնակցեցին գարեջրի, շոկոլադի պատրաստման գործընթացներին:
«Նախքան Ագրարային համալսարան գալը լրիվ այլ պատկերացում ունեի այս բուհի մասին, այսօր այստեղ տեսա ավելին, քան սպասում էի, իրականությունը գերազանցեց ակնկալիքներս, հասկացա, որ եկել եմ մի համալսարան, որտեղ ստեղծված են բոլոր նախապայմանները մրցունակ, լավ մասնագետ դառնալու համար»,- նշեց ՀԱԱՀ վարժարանի սաներից Էդվարդ Հովակիմյանը՝ հավելելով, որ ամաչում է, որ մինչեւ այսօր հետաքրքրություն չի ունեցել այնպիսի ոլորտի նկատմամբ, ինչպիսին, օրինակ, գինեգործությունն է:
Նախորդ օրը մասնագիտական կողմնորոշման ակնկալիքով Ագրարային համալսարան էին այցելել նաև Երևանի թիվ 157 դպրոցի աշակերտները:
«Մեկ օր Ագրարայինում» նախագիծն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի շրջանակում: