Ռեկտորատի մարտի 24-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփման, Հեռակա ուսուցման դեպարտամենտում և համալսարանի մասնաճյուղերում 2019-2020 ուստարվա քննաշրջանի արդյունքների ամփոփման եւ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերի մասին հարցերը: Նիստը վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Նիստի մեկնարկից առաջ պարոն Ուռուտյանը շնորհավորեց Կարեն Մինասյանին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակվելու կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց:
Օրակարգի հարցերի վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես ընդունված է համալսարանի աշխատաոճով՝ հակիրճ զեկուցեցին, գլխավորապես՝ խնդրահարույց եւ ռեկտորատի միջամտությունը պահանջող հարցերի վերաբերյալ: Ռեկտոր Ուռուտյանի առաջարկով, հաշվի առնելով համավարակի եւ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով առաջացած համազգային ճգնաժամը, որոշվեց լրացուցիչ հնարավորություն տալ 12 եւ ավելի կրեդիտի պարտք ունեցող՝ պատերազմի անմիջական մասնակից, համավարակի կամ պատերազմի հետեւանքով ընտանիքում մարդկային կորուստ ունեցող, առողջության վերականգնողական փուլ անցնող ուսանողներին:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի հաղորդումից պարզ դարձավ, որ այս՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչեր տրամադրվել են 250 ուսանողի:
Ընթացիկ հարցերի շարքում ռեկտորատը քննության առավ առաջիկա արձակուրդային մեկ շաբաթը արդյունավետ օգտագործելու հարցը: Անշուշտ, արձակուրդում լինելու են միայն ուսանողները: Պարոն Ուռուտյանն առաջարկեց մեկշաբաթյա հնարավորությունն օգտագործել թեստային նյութերի բազան համալրելու, թեստերի վավերացումն ավարտելու, Moodle հարթակի որակական ներքին աուդիտ անցկացնելու, հարթակում զետեղված նյութերի ծավալային եւ որակական գնահատում կատարելու համար: Շաբաթվա ընթացքում, ռեկտորի հրահանգ-առաջարկով, նաեւ կլինեն ստորաբաժանումներում քննարկումներ, խնդիրների լուծման առաջարկներ, գիտական հոդվածների, հետազոտական ծրագրերի վրա աշխատանք, ուսանողների` այլ բուհերում ուսանողական գիտաժողովներին մասնակցության խրախուսում եւ այլն:
Պրոռեկտոր Կարեն Մինասյանը բարձրացրեց e-buh համակարգի արդյունավետության բարելավման հարցը: Ընդ որում անհրաժեշտ է թե տեխնիկական եւ թե բովանդակային բարելավումներ իրականացնել: Այս առումով ՏՏ կենտրոնն իրականացնում է անհրաժեշտ քայլեր՝ աշխատելով դեկանների եւ այլ պատասխանատուների հետ: Կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը նշեց, որ e-buh համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՏ կենտրոնը համապատասխան փաստաթուղթ է պատրաստում՝ դեկանատների հետ գործակցությամբ:
Օրակարգի հարցերի սպառումից հետո Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը եւ այն դասախոսներին, ովքեր հեռավար դասեր են վարում Սիսիանի մասնաճյուղի ուսանողների համար՝ այդպիսով փոխհատուցելով մասնաճյուղում առկա կադրային պակասը:
Ռեկտորը նիստն ավարտվեց լավ լուրով. Ագրարային համալսարանը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի կողմից հավատարմագրվել է 4 տարի ժամկետով: Հավատարմագրումը հնարավոր է եղել վերջին մեկուկես-երկու տարում համալսարանում իրականացված լայնամասշտաբ խորքային բարեփոխումների շնորհիվ: Պարոն Ուռուտյանն այս կապակցությամբ շնորհավորեց ռեկտորատի անդամներին եւ կոչ արեց հնարավորինս սեղմ ժամկետներում համագործակցաբար վերացնել ՀԱԱՀ-ի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցում նշված թերությունները: