Բնապահպանական՝ ողջ աշխարհը համակած, ահագնացող խնդիրները կարոտ են համակողմանի ուսումնասիրության եւ լուծումներն էլ պետք է լինեն համապատասխանաբար՝ համընդգրկուն-համապարփակ, բոլորի միասնական ուժերով: Թերեւս սա էր պատճառը, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանը ուսանողներին «արտագնա» (դրսում դասախոսություններ ու դիտարկումներ կազմակերպելու փորձն այս ամբիոնում հաճախ է կիրառվում եւ լավ արդյունք է տալիս) քննարկման տարավ Հայաստանի ամերիկյան համալսարան: Ագրոնոմիական ֆակուլտետի ագրոէկոլոգիա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Բնօգտագործման էկոնոմիկա առարկայի շրջանակում պատեհ հնարավորություն ունեին միաժամանակ ունկնդրելու ոլորտի երիտասարդ, գիտակ ներկայացուցիչներին:
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական եւ պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնների աշխատակիցները մեր ուսանողների հետ զրուցել են «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» (Աղավնի Հարությունյան), «Ջրային ռեսուրսների կառավարում» («Շրջակա միջավայրի կրթության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացի պատրաստում» ծրագրի համակարգող Ալեքսանդր Առաքելյան), «Շրջանաձեւ տնտեսություն» (Հարություն Ալպետյան), «Թափոնների կառավարում», «Աղբավայրերի կառավարում», «Կայուն էներգետիկա» (Նորայր Բենօհանյան) թեմաների շուրջ: Թեմաներ, որոնք անմիջական առնչություն ունեն գյուղատնտեսության հետ, եւ մեր ուսանողները հյուրընկալողներին հաճելիորեն զարմացրել են իրենց գիտելիքներով, վերը նշված խնդիրների լուծման ժամանակակից միտումների մասին տեղեկացվածությամբ:
Ինչպես նշեց Մարտին Հովհաննիսյանը, առաջիկայում նախատեսում են ՀԱՀ եւ մեր ուսանողների մասնակցությամբ բնապահպանական թեմաներով քննարկում կազմակերպել: Հավանաբար, այդ հանդիպումը կլինի Ագրարայինում:
- 10/12/2019
- 2019